Արմինֆո. 2017 թվականին «Ավրորա» մրցանակի դափնեկիր է դարձել բժիշկ Թոմ Կատենան Հարավային Սուդանից: Երեւանում արդեն ամենամյա դարձած «Ավրորա» մրցանակաբաշխության հաղթողի անունը մայիսի 28-ին հայտարարել է լեգենդար Շառլ Ազնավուրը:
«Շնորհակալություն այն վիթխարի աշխատանքի համար, որ դուք անում եք` «Ավրորա»: Շնորհակալություն հայ ժողովրդին: Ես այստեղ եմ ընդամենը մեկ շաբաթ, սակայն կարող եմ ասել, որ սա իմ լավագույն ուղեւորությունն է: Ես երբեք չեմ տեսել նման զարմանալի, բարեհամբույր, բարի մարդկանց: Այստեղ ես ինձ զգում եմ ինչպես տանը», - ասել է Թոմ Կատենան` «Ավրորա» արձանիկն ստանալուց հետո:
Խոսելով, ընդհանուր առմամբ, իր աշխատանքի մասին, բժիշկն ասել է, որ չնայած այն հանգամանքին, որ ինքն այժմ Երեւանում է, մտքերով Սուդանի իր հիվանդանոցում է: Հիշեցնենք, որ երեք հայ բժիշկներ պատրաստակամությունն էին հայտնել գնալ Սուդան` փոխարինելու Կատենային, որպեսզի նա կարողանա գալ մրցանակների հանձնման արարողությանը: «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է ամենադժվարն իմ աշխատանքում: Եւ ես կարող եմ ասել, որ առավել դժվարն ու սարսափելին` տեսնել, թե ինչպես է քո հիվանդը մեռնում, եւ դու ոչինչ չես կարող անել: Սովորաբար, բժիշկները ծանր են տանում հիվանդների մահը, բայց նույնիսկ նման իրավիճակներից պետք է կարողանան դասեր քաղել: Լավ հիշում եմ իմ բոլոր հիվանդներին, եւ նրանց, ում օգնել եմ, եւ նրանց` ում չեմ կարողացել», - ասել է բժիշկը: Հիշցնենք, որ Թոմ Կատենան թողել է իր տունն ԱՄՆ-ում և մեկնել Սուդան` փրկելու մարդկային կյանքեր: Նա արդեն շուրջ երկու տասնամյակ, վտանգելով սեփական կյանքը, փրկում է ուրիշների կյանքը:
«Ավրորա-2017» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ էին հասել 5 հոգի` Ֆարտուն Ադանը եւ Իլվադ Էլմանը Սոմալիից, որոնք ստեղծել են սեռական բռնության ենթարկված կանանց օգնության հիմնադրամ; կոնգոլեզյան գինեկոլոգ, Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Դենիս Մուկվեգեն, որը օգնում է սեռական բռնության զոհ կանանց (օգնություն է տրամադրել ավելի քան 50 հազար մարդու); Կրթության համակարգի ներուժի մեծացման և զարգացման «Նուր» կազմակերպության նախագահ Ջամիլա Աֆղանին, որը պայքարում է կանանց իրավունքների պաշտպանության համար (օգնություն է տրամադրել ավելի քան 50 հազար մարդու); բժիշկ Մուհամմադ Դարվիշը Սիրիայից, որն արդեն բուժօգնություն է տրամադրել ավելի քան 40 հազար մարդ Սիրիայում; եւ դոկտեր Կաթինը, որ օրական մինչեւ 400 հիվանդ է ընդունում և տարեկան կատարում է մինչև հազար վիրահատություն:
Եզակի մրցանակաբաշխության կանոնների համաձայն, մրցանակակիր ընրել է երեք կազմակերպություն` Աֆրիկյան բժշկական առաքելություն հիմնադրամը (AMHF, ԱՄՆ). Aktion Canchanabury (Գերմանիա), Կաթողիկ բժշկական առաքելութեան խորհուրդ (ԱՄՆ CMMB)` 1 մլն դոլարի մարդասիրական պարգև ստանալու համար:
Հարկ է նշել, որ «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը եւ «Ավրորա» մրցանակը, որի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն դոլար, ստեղծվել են Հայոց ցեղասպանություն վերապրածների ժառանգների անունից` ի նշան երախտագիտության նրանց, ովքեր վտանգել են իրենց կյանքն ու բարեկեցությունը հանուն ուրիշների փրկության: 2016 թվականի ապրիլի 24-ին Հայաստանի մայրաքաղաքում առաջին մրցանակաբաշխության հաղթող էր դարձել Մարգերիտ Բարանկիտսը` Բուրունդիից` քաղաքացիական պատերազմի ժամանակ հազարավոր երեխաների փրկության գործում եզակի ավանդի համար: