Արմինֆո. Մայիսի 26-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է միջոցառում, որի ընթցքում «Ավրորա» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի մասնակիցներ Ֆարտուն Ադանը, Ջամիլյա Աաֆղանին, դոկտեր Թոմ Կատենան և դոկտոր Դենիս Մուկվեգեն պատմել են իրենց գործունեության մասին և պատասխանել իրենց աշխատանքին վերաբերող հարցերին:
Միջոցառումը բացել է Հայաստանի ամերիկյան համալսարիանի ռեկտոր Արմեն Տեր-Կյուրեղյանը, նշելով, որ օգնության կարիք ունեցողին կարող է օգնել միայն կիրթ մարդը, և հենց այդ պատճառոմ ՀԱՀ ամենահարմար վայրն է նման միջոցառումների անցկացման համար:
Միջոցառմանը ելույթ են ունեցել «Ավրորա» մրցանակի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը և մրցանակի առաջին դափնեկիր Մարգերիտ Բարանկիտսը: Նրա ասելով, փախստականները, որոնց ինքն օգնում է, շատ ուրախ են Հայաստանի մարդկանց օգնության համար:
Առաջինն իր գործունեության մասին պատմել է ամերիկացի վիրաբույժ Թոմ Կատենան, ով աշխատում է Սուդանում, որտեղ արդեն 30 տարի քաղաքացիական պատերազմ է: Նրա ասելով, Mother of Mercy հոսպիտալ բերում են մարդկանց տարբեր վայրերից: Նրա համոզմամբ, կարևոր գործոն է այդ կլինիկայում ծննդատան բացումը, ինչի շնորհիվ զգալիորեն կրճատվել է կանանց մահացությունը:
Ֆարտուն Ադանն ու իր դուստրը Սոմալիում «Էլման» խաղաղության և մարդու իրավունքների կենտրոնի հիմնադիրն են: Նրանց գործունեությունն առնչվում է կանանց իրավունքների պաշտպանությանը, խաղաղության ամրապնդմանը, մարտական գործողություններին մասնակցող մարդկանց վերականգնմանը:
Մյուս մրցանակակիր Ջամիլյա Աֆղանին մանկական պոլիոմիելիտի զոհ է, որը այժմ զբաղվում է կանանց շրջանում անգրագիտության վերացմամբ և օգնում է կանանց ու աղջիկներին կրթություն ստանալ, լուսավորչական գործունեություն է ծավալում մահմեդական առաջնորդների շրջանում:
Դոկտոր Դենիս Մուկվեգեն պատմել է, որ եղել մանկաբարձ, սակայն, երբ տեսել է, թե ինչպես են տառապում այդ երեխաների մայրերը, վերապատրաստվել է վիրաբույժ-գինեկոլոգի և Կոնգոյում հիմնադրել է Պանզիի հիվանդանոցը, որը ֆիզիկական, հոգեբանական և իրավաբանական օգնություն է տրամադրում սեռական բռնության ավելի քան 50000 զոհերի:
5-րդ մրցանակակիր Մուհամադ Դարվիշը դաշտային հոսպիտալի բժիշկ է Սիրիայում և չի կարողացել ժամանել Երևան` անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության առնչությամբ:
Իրենց գործունեությունը ներկայացնելուց հետո «Ավրորա» մրցանակակիրները պատասխանել են հարցերին, որոնք ներկաներն ուղարկել էին ինտերնետի միջոցով, դրանցից ամենահետաքրքիրներն ընթերցվել են: