Արմինֆո. Ամերիկայի հայ ազգային կոմիտեն (ANCA) հնարավորինը կձեռնարկի, որպեսզի Հայաստանին տրամադրվող ԱՄՆ ֆինանսական օգնությունը չկրճատվի: Այդ մասին հայտարարել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համփարյանը The Armenian Weekly-ում հրապարակված հարցազրույցում:
Նա ANCA-ի անունից մտահոգություն է հայտնել «երրորդ երկրներին ԱՄՆ ֆինանսական օգնությունը կրճատելու վերաբերյալ նախագահ Թրամմփի սխալ և չմտածված որոշման» առնչությամբ: Նա ընդսմին հավաստիացրել է, որ ANCA-ն ակտիվորեն կաշխատի Կոնգրեսի հատկացումների կոմիտեի հետ` Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնությունը 67%-ով կրճատելու որոշումը չեղարկելու նպատակով: Համփարյանը նշել է, որ ճիշտ չէ կրճատել ֆինանսական օգնությունը Հայաստանին, որն ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերում սիրիացի փախստականներին:
Հիշեցնենք, որ նախագահ Թրամփը Կոնգրեսի քննարկմանն է ուղարկել փաստաթուղթ, որը նախատեսում է երրորդ երկրներին ԱՄՆ ֆինանսական օգնության կտրուկ կրճատում, մասնավորապես, Հայստանին տրամադրվող օգնությունը նախատեսվում է կրճատել 67%-ով:
Նշենք, որ 2017 թվականին ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն Հայաստանին տրամադրել է 24,1 մլն դոլարի ֆինանսական օգնություն, Ադրբեջանին` 10,9 մլն դոլարի: Սենատը նաև հանձնարարել է 1 մլն դոլար տրամադրել որպես ռազմական օգնություն, ևս 600 հազար դոլար` ռազմական վարժանքների անցկացման համար: Ընդհանուր առմամբ, Հայաստանին հատկացված օգնությունը 3 մլն դոլարով ավելի էր, քան բյուջեից խնդրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: 1998 թվականից ի վեր Արցախին հատկացվող օգնությունը մնացել է անփոփոխ: Հիշեցնենք, որ 2016 ֆինանսական տարում ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեն Հայաստանին տրամադրել էր 20.06 մլն դոլար օգնություն, ինչպես նաև 1.7 մլն դոլար` որպես ռազմական օգնություն, ևս 600 հազար դոլար` ռազմական մարզումներ անցկացնելու համար: Ադրբեջանի և Վրաստանի համար ԱՄՆ օրենսդիրներն առաջարկել են, համապատասխանաբար, 8.778 մլն դոլարի և 54 մլն դոլարի օգնություն: