Արմինֆո.Երևանի և Բաքվի միջև ձեռք է բերված միջազգային դիտորդների թիվը յոթ հոգով ավելացնելու մասին համաձայնություն: Այս մասին ԱՊԱ-ին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:
«Դրա հետ համաձայն են բոլոր կողմերը: Բայց մանրամասների առումով կան տարաձայնություններ, ներառյալ դիտորդների տեղակայման վայրերը, ֆինանսավորման կարգը և այլ տեխնիկական հարցեր: Դրանց համաձայնեցմամբ այսօր զբաղվում է ԵԱՀԿ գործող ավստրիացի նախագահը, կազմակերպության քարտուղարության, ինչպես նաև կողմերի ներկայացուցիչների հետ համատեղ»,-ասել է Պոպովը: Իսկ հարցին, թե ինչ արդյունքներ են արձանագրվել ապրիլի 28-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Ռուսաստանի միջնորդությամբ կայացած հանդիպման արդյունքում, Պոպովը նշել է, որ նման ցանկացած հանդիպում օգտակար է: «Կարևորն այն է, որ երկար ընդմիջումից հետո կողմերը կարողացան կրկին հանդիպել, փոխանակել կարծիքներ և ճշգրտել դիրքորոշումները»,-նշել է Ի.Պոպովը:
Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ վերջին`մայիսի 18-ի հայտարարությանը, Պոպովն ընդգծել է, որ այդ հայտարարությունն արվեց մայիսի 15-17-ին շփման գծում իրավիճակի սրման պատճառով: «Մեզ մտահոգեց հրադադարի ռեժիմի խախտման լուրջ փաստերը: Այդ հայտարարության հիմնական խնդիրն է`կողմերի կոչ անել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության գոտում իրավիճակի սրումը կանխելու և բանակցային գործընթացը շարունակելու համար»,-նշել է դեսպանը:
Պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքների հիմանվրա են ընթանում ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններ, Պոպովը նշել է, որ բազմիցս արտահայտվել է այդ հարցի շուրջ: «Բանակցությունների հիմքերը հայտնի են և շարադրված են համանախագահների երկրների նախագահների հայտարարություններում: Հիշեցնեմ, որ խոսքը գնում է ՄԱԿ-ի կանոնադրության և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների մասին, որոնք հատկապես վերաբերվում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշմանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանմանը, տարածքների, փախստականների վերադարձին, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև միջանցքին, խաղաղապահ գործողություններին: Միջնորդներն առաջարկում են տարբերակներ, որոնք կարող են ղարաբաղյան հակամարտության կողմերին օգնել գտնելու հավասարակշռված լուծում»: