Արմինֆո.Պաշտոնական Բաքուն վերստին Արցախի օդային տարածքի նկատմամբ նկրտումներ է դրսևորում:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, ԱԳՆ ներկայացուցիչ Խիկմետ Գաջիևը հանդես է եկել հայտարարությամբ Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կազմակերպելու` հայկական կողմի մտադրության առնչությամբ: «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար պատասխանատու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել Հայաստանի հերթական սադրանքը կանխելու համար: Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջայինի տեսքով թռիչքներ կազմակերպելու Հայաստանի ծրագրերը Երևանի հերթական սադրանքն է: Հայաստանի նման սադրիչ գործողությունները լուրջ վնաս են հասցնում բանակցային գործընթացին և կանխամտածված ծառայում են հակամարտության սրմանը: Օկուպացված շրջանների օդային տարածքը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է», - ասել է Գաջիևը:
Ընդ որում նա հավաստիացրել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հատուկ կոդով Ստեփանակերտի օդանավակայանն ամրագրված է որպես Ադրբեջանի գույք: «Բաքուն արգելել է թռիչքներն օկուպացված շրջանների օդային տարածքում, քանի որ Ադրբեջանի օդային տարածքի այդ մասում թռիչքների անվտանգության ապահովումն անհնար է: Ադրբեջանի այդ դիրքորոշումը պաշտպանում են թե Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը, թե Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանցը», - ասել է նա:
Օրերս «Yell extreme» ընկերությունը հաղորդել էր Ստեփանակերտի օդանավակայանից էքստրեմալ տուրիզմի սիրահարների համար երկտեղանի ուղևորատար ինքնաթիռներով թռիչքներ կազմակերպելու մտադրության մասին: