Արմինֆո. Հայաստանին ԱՄՆ օգնության կրճատումը փոխհատուցվում է տնտեսական համագործակցության խորացմամբ, գտնում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Փաստաթղթի համաձայն, FY18-ում Հայաստանին տրամադրվող օգնությունը կրճատվել է 67%-ով` նախորդ ֆինանսական տարվա 20,4 միլիոնից դոլարից մինչև 6,8 մլն դոլար: Վրաստանի և Ուկրաինայի համար նախատեսվում է, համապատասխանաբար 58% և 70%-ով կրճատում: Ադրբեջանին օգնությունը կրճատվել է 90%-ով, և նախատեսվում է այդ երկրին տրամադրել, ընդհանուր առմամբ, 1 մլն դոլար:
«ԱՄՆ օգնության ծավալները կրճատելու Թրամփի ձգտումն անակնկալ չէ, դա վաղուց է հայտնի, և, իհարկե, կոնկրետ Հայաստանի դեմ ուղղված չէ: Ըստ որում, գոյություն ունեն ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական օգնության նվազ կարևորության մասին վկայող մի շարք գործոններ: Կան ավելի կարևոր ծրագրեր՝ ԱՄՆ և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը, Առևտրի և ներդրումների վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը, Առևտրային հարաբերությունների մասին համաձայնագիրը, Ներդրումների խրախուսման մասին համաձայնագիրը, վերջապես, Ներդրումային պայմանագիրը»,- ընդգծել է Կիրակոսյանը:
Նրա խոսքով, հաշվի առնելով էներգետիկայի, առևտրի և ներդրումների ոլորտներում համագործակցության փոխադարձ հետաքրքրությունը՝ հիշյալ պայմանագրերի և համաձայնագրերի իրականացումը կարևոր է և բխում է երկու կողմերի շահերից: Այս առումով նա հատկապես առանձնացրել է Հայաստանի պոտենցիալ էներգետիկ ռեսուրսների, այդ թվում՝ «Ոչ ավանդական և ավանդական էներգետիկ ռեսուրսների մասին» փոխըմբռնման հուշագրի շրջանակներում թերթաքարային գազի գնահատման շուրջ ԱՄՆ և Հայաստանի փորձագետների համագործակցության խորացումը:
«Եվ, վերջապես, Հայաստանը, որպես «Generalized System of Preferences» ծրագրի շահառու երկիր, կօգտվի ԱՄՆ արտահանվող մի շարք ապրանքների արտահանման տուրքերի բացակայությունից: GSP-ն, անշուշտ, կարևոր խթան է Հայաստանում արտադրությամբ շահագրգռված հավանական ներդրողների համար՝ ամերիկյան շուկա դրա անտուրք արտահանման նպատակով»,- ամփոփել է վերլուծաբանը: