Արմինֆո.ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը պետք է ղեկավարվի, նախ, կազմակերպության, և արդեն հետո` սեփական երկրի շահերով, համոզված է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Մայիսի 23-ին մամուլի ասուլիսում անդրադառնալով Յուրի Խաչատուրովի նշանակմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում` Այվազյանը նշել է, որ այդ պաշտոնում նշանակվող յուրաքանչյուր ոք ինչ որ չափով բարձրացնում է կառույցում իր երկրի կարևորւթյունը, սակայն պետք է հասկանալ, որ դա միջազգային պաշտոն է, և գլխավոր քարտուղարը, նախևառաջ, պետք է առաջ մղի ՀԱՊԿ շահերը: ՊՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, շահագրգռված է կազմակերպության քաղաքական և ռազմական բաղադրիչների զարգացմամբ:
Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակման մասին ՀԱՊԿ երկրների նախագահները որոշում էին կայացրել ապրիլի 14-ին: Դեռ նախորդ տարվա աշնանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիայով պետք է զբաղեցներ Հայաստանի ներկայացուցիչը, սակայն այդ հարցը երկու անգամ հետաձգվեց` կազմակերպության անդամ երկրների ղեկավարների շրջանում փոխհամաձայնության բացակայության առնչությամբ: