Արմինֆո.Զենքի շուրջ հայ-ռուսական պայմանագրերը կատարվում են` համաձայն նախանշված ժամանակացույցի և առանց ուշացումների: Մայիսի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
«200 մլն դոլարի զենքի շուրջ պայմանագրի և Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնագրի շրջանակում սպառազինության մատակարարումներն իրականացվում են անխափան և ժամանակին, հաճախ` նախանշված ժամկետներից ավելի շուտ: Հարցն այն է, որ ռուսական կողմն ընդունում է պատվերը, արտադրանքը պետք է արտադրվի գործարաններում, և հետո միայն կազմակերպվում է մատակարարումների գործընթացը», - ասել է Այվազյանը: Նա ընդսմին հիշեցրել է, որ հայկական կողմը ռուսական սպառազինություն և ռազմական տեխնիկա է ստանում ՌԴ ներքին գներով, ինչը մեծ առավելություն է: Նա նաև չի հրապարակել այն սպառազինության տեսակները, որոնք Հայաստանին կտրամադրվեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնագրի շրջանակում: Այվազյանը նաև հաղորդել է, որ ռուսական սպառազինության մի քանի խմբաքանակ արդեն հասցվել է Հայաստան:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված 200 մլն դոլարի վարկային համաձայնագրի տեքստի համաձայն, հանրապետության ԶՈՒ ձեռք կբերեն 9Կ58 «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ (ներառյալ համակարգի համար 9Մ351 կումուլյատիվ-բեկորային մարտական մասով հրթիռներ), Իգլա-Ս դյուրակիր ԶՀՀ (համապատասխան 9Մ342 հրթիռներով), ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համալիր (ներառյալ՝ արձակման կայան, տեղափոխման-լիցքավորման կայան, թերմոբարիկ հրթիռներ), Մ113Մ «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռներ՝ տանդեմային մարտական մասով, թռչող սարքերի պասիվ տեղորոշման «Ավտոբազա-Մ» համալիր, «Տիգր» զրահամեքենաներ, տանկային Վ-84 շարժիչ, հետևակի մարտական մեքենաների ՈՒՏԴ-20 շարժիչ (հզորությունը` 300 ձիաուժ), 1Ա40-1 տանկային նշանառման սարքավորում, ՌՊԳ-26 «Ագլեն» հակատանկային ռեակտիվ նռնականետ, ՍՎԴ 7,62մմ դիպուկահար հրացան, ինժեներական, ականների հայտնաբերման սարքավորումներ, կապի միջոցներ, ավտոտեխնիկա (այդ թվում՝ «ՈՒԱԶ» մակնիշի հրամանատարական և սանիտարական ու «ԿԱՄԱԶ» մակնիշի տարբեր նշանակության մեքենաներ): Արտոնյալ պայմաններով վարկի տրամադրման շուրջ 2015 թվականին ստորագրված համաձայնագիրը նախատեսում է, որ վարկի մարումը սկսվելու է 2018 թվականին և տևելու է 10 տարի` տարեկան 3% տոկոսադրույքով։ Իսկ կանխավճարը կկազմի 10%։ Այդպիսով, հաշվի առնելով ռուսական արժույթի արժեզրկումը, ինչպես նաև հանրապետության ՀԱՊԿ անդամությունը, ինչը թույլ է տալիս զենք գնել Ռուսաստանի ներքին գներով, 200 մլն դոլարով հակամարտության հայկականն կողմերը կարող են ձեռք բերել անսահմանափակ քանակությամբ ռուսական սպառազինություն: