Արմինֆո. Նախորդ շաբաթ ԵԱՀԿ ՄԽ հրապարակած հասցեական հայտարարությունը չափազանց կարևոր է քաղաքական տեսանկյունից: Մայիսի 23-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը` անդրադառնալով Մինսկի միջնորդների վերջին հայտարարությանը:
«Կարծում եմ, որ մենք դեռ բազմիցս ականատես կլինենք համանախագահների նման հասցեական հայտարարությունների: Իսկ ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի մշտական խախտումներին, ապա հարկավոր է հասկանալ, որ մեր հակառակորդն ու հարևանն անկանխատեսելի է, և նրա գործողությունները զուրկ են տրամաբանությունից և չեն տեղավորվում որևէ շրջանակում», - ասել է Այվազյանը: Ընդ որում, նա կարծում է, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումների նպատակն իրավիճակը լարված պահելն է, փորձել հոգեբանական ճնշում գործադրել երկու կողմում ապրող մարդկանց և միջազգային հանրության նկատմամբ:
Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես էին եկել հայտարարությամբ մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ռազմական օբյեկտի հրթիռակոծման առնչությամբ։ «Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական տեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։ Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար», - ասվում է միջնորդների հայտարարությունում: