Արմինֆո.Մայիսի 19-ին աշխատանքային այցով Կիպրոսում գտնվող Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանը առնչվող մի շարք հարցեր։ Այդ համատեքստում անդրադարձ է արվել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ու Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը քննարկել են կազմակերպության առջև ծառացած մի շարք խնդիրների լուծումներ գտնելու հնարավորությունը: ԵԽ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է Հայաստանում ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել ԵԽԽՎ-ում ընթացող զարգացումներին և ԵԽ խորհրդարանական վեհաժողովի հանդեպ վստահության վերականգման նպատակով գործնական քայլերի ձեռնարկման անհրաժեշտությանը։
Էդվարդ Նալբանդյանը Թորբյորն Յագլանդին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման առաջմղման նպատակով համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Բաքուն անում է ամեն հնարավորը՝ խաղաղության գործընթացը խաթարելու ուղղությամբ։ Հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական պահանջերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերը։
Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անվանական մատնանշել զինադադարի ռեժիմի խախտման համար պատասխանատու նախահարձակ կողմին։ «Մերժելով հետաքննության մեխանիզմի ստեղծումը՝ Ադրբեջանը ցանկանում է խույս տալ իր կողմից զինադադարի պարբերական խախտումների պատասխանատվությունից, սակայն եռանախագահների երեկ տարածած ոչ ստանդարտ հայտարարությունը հստակ կերպով մատնանշում է մեղավոր կողմին», - շեշտել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։