Արմինֆո.Ղարաբաղի տարածքների հանձնման մասին խոսակցությունները պետք է դադարեցնել: Այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը` ելույթ ունենալով Երևանում «Անվտանգությունը Հարավային Կովկասում՝ չճանաչված պետությունների քաղաքական ինստիտուտների զարգացման լույսի ներքո» միջազգային կլոր սեղանի ժամանակ:
«Կարծում եմ, որ առկա իրավիճակի, Ադրբեջանի հռետորաբանության և վարքագծի ֆոնին ցանկացած տարածքի հանձնում կհանգեցնի բացառապես իրավիճակի էլ ավելի թեժացման և մարտական գործողությւունների վերսկսման, ինչը Ռուսաստանի համար անթույլատրելի է», - նշել է նա:
Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ տեղապտույտ տվող բանակցային գործընթացին արդյունավետություն հաղորդելու համար չափազանց անհրաժեշտ է Սետփանակերտի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ: Նրա գնահատմամբ, սեփական ճակատագրի շուրջ բանակցություններին Ղարաբաղի մասնակցությունն անհրաժեշտ պայման է:
Եվսեևը դիմակայող կողմերի շփման գծում իրավիճակի կարգավորման ևս մեկ անհրաժեշտ բաղադրիչ է համարում միջադեպերի հետաքննման միխանիզմների շուտափույթ ներդրումը: Նրա գնահատմամբ, միայն այդ քայլն է ի զորու նվազեցնել լարվածության մշտապես աճող աստիճանը շփման գծում:
«Իսկ առանց այդ քայլերի Ղարաբաղի շուրջ որևէ տարածքի հանձնումն անթույլատրելի է, քանի որ դա նոր ռիսկեր կստեղծի և կսրի արդեն եղածները: Այդ լույսի ներքո տարածքների հանձնումը ոչ այլ ինչ է, եթե ոչ պարտության ուղիղ և ամենակարճ ճանապարհ», - ամփոփել է ռուսաստանցի փորձագետը: