Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունել է, որ «Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության իրավիճակիե մասին իր տարեկան զեկույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հատուկ անդրադարձ է կատարել պոպուլիզմին, ինչը հատկապես վտանգավոր է, երբ զուգորդվում է պետության կողմից սատարվող ատելության քարոզով և այլատյացությամբ:
«Ազատ մամուլը, մարդու իրավունքների և ժողովրդավարական քաղաքացիության վերաբերյալ կրթությունը, ակտիվ քաղաքացիական հասարակությունը անհրաժեշտ են` հաղթահարելու այս երևույթը: Ավելին, «օրենքի գերակայությունե եզրը իրենից ներկայացնում է կոնցեպտ, որը տրամագծորեն հակադրվում է «ուժի գերակայությանըե կամ «ուժի կիրառմանըե:
Մենք արդեն հնարավորություն ունեցել ենք կիսելու գլխավոր քարտուղարի մեկ այլ տեսակետ` «Ժողովրդավարական անվտանգությանե հայեցակարգի շուրջ, որի համաձայն ժողովրդավար երկրները առավել քիչ հավանական է, որ պատերազմ սկսեն: Ակնհայտ է, որ ավտորիտար ռեժիմները նման երկընտրանքի առջև չեն կանգնում»,- ասել է Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ նման իրավիճակի ականատես եղանք 2016թ. ապրիլին, երբ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սանձազերծեց Արցախի ժողովրդի դեմ՝ իրականացնելով միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ: «Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո երկու գագաթաժողով է գումարվել, որտեղ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ միտված խաղաղ գործընթացի առաջ մղման նպատակով բարենպաստ պայմանների ստեղծմանը: Բաքուն հրաժարվում է իրականացնել այս համաձայնությունները՝ չնայած դրանց կարևորությունն ընդգծվել է բազմաթիվ առիթներով, այդ թվում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների վերջերս՝ ապրիլի 28-ին կայացած եռակողմ հանդիպման ընթացքում: Ավելին, հակառակվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և միջազգային հանրության հետևողական կոչերին՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը, Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել եռակողմ զինադադարի համաձայնագրերը։
Մենք գնահատում ենք այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարդու իրավունքների համաեվրոպական գործիքների հավասար կիրառմանը ողջ մայրցամաքում՝ առանց տարբերակման, ներառյալ՝ հակամարտությունների գոտիներում: Եվրոպայի խորհրդի առաջնային նպատակն է ապահովել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ընդհանուր արժեքների և անհատների իրավունքների իրականացումը պայմանավորված չլինի տարածքի կարգավիճակով, որտեղ բնակվում է ժողովուրդը»,- ասել է Նալբանդյանը:
Խոսելով ընդհանուր առմամբ ԵԽ-ում Կիպրոսի նախագահությանը՝ Նալբանդյանն ասել է. «Կիպրական նախագահության առաջնայնությունները լավագույնս միտված էին արձագանքելու այն մարտահրավերներին, որոնց այսօր առերեսվում է Եվրոպան: Այդ առաջնայնություններից մշակութային ժառանգության պաշտպանությունը հատկապես կարևոր է հայ ժողովրդի համար, ով մշակութային արժեքների հսկայական կորուստներ է կրել իր պատմության ընթացքում և բոլորովին վերջերս` Ադրբեջանում` այդ երկրի կառավարության ձեռքով, և Սիրիայում` ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս առումով մենք ողջունում ենք Մշակութային սեփականության դեմ հանցանքների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի ընդունումը»: