Արմինֆո. Հայաստանը բարձր է գնահատում ժողովրդավարական հաստատությունների և ընտրական գործընթացների ամրապնդմանն ուղղված իր բարեփոխումներում միջազգային գործընկերների ներդրումը, ներառյալ՝ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի կողմից տրամադրված փորձագիտական աջակցությունը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, այդ մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 127-րդ նիստին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ակնկալում ենք շարունակել արդյունավետ համագործակցությունն այս ուղղությամբ»,- ասել է ԱԳ նախարարը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ
ապրիլի 2-ին Հայաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով: Նրա խոսքով, վերջիններս փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են բնակչության կամքը:
Անդրադառնալով վերջերս ԵԽԽՎ-ում ինստիտուցիոնալ ճգնաժամի և կոռուպցիայի վերաբերյալ տեղեկատվությանը՝ Նալբանդյանն ասել է.
«Մենք միանում ենք իրավիճակի ամբողջական հետաքննությանն ուղղված կոչերին, որպեսզի վերականգնվի այս կազմակերպությանը հասցված վնասը»: Անցած տարեվերջին արևմտյան լրատվամիջոցներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ԵԽԽՎ որոշ անդամներ ներգրավված են կոռուպցիոն սկանդալներում: Այս առնչությամբ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է արել ԵԽԽՎ-ին որքան հնարավոր է շուտ մի շարք պատգամավորների կոռուպցիայի մեջ մեղադրանքների անկախ հետաքննություն սկսել: ԵԽԽՎ Բյուրեն այդ առնչությամբ փաստաթուղթ պատրաստելու որոշում է կայացրել: