Արմինֆո. ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Քըլըչին կանչել են Պետդեպարտամենտ` Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան շենքի մոտ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կաղմնակիցների և հակառակորդների միջև ծեծկռտուքի առնչությամբ բացատրություն ստանալու համար:
BBC հաղորդման համաձայն, Սերդար Քըլըչը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմ Շենոնի հետ:
Նշենք, որ մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ ծեծկռտուք էր սկսվել այն պահին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելում էր իր երկրի դեսպանատուն: Ինչպես երևում է ինտերնետում տարածված տեսանյութերից, քուրդ և հայ ցուցարարների վրա հարձակվել էին Էրդողանի կողմնակիցները, որոնց թվում, ենթադրաբար, եղել են նաև Թուրքիայի ղեկավարի թիկնապահներ: Վաշինգտոնի ոստիկանության տվյալներով, միջադեպի առնչությամբ ձերբակալվել են ԱՄՆ երկու բնակիչներ: Ոստիկանությունում չեն ճշտել, թե արդյոք նրանք Էրդողանի անձնական թիկնազորի աշխատակիցներ են:
Վաշինգտոնում այդ բախումը որակել են վայրագ հարձակում բողոքի խաղաղ մասնակիցների վրա: Թուրքիայի դեսպանությունն, իր հերթին, հայտարարել է, որ ցուցարարներն իրենց ագրեսիվ են պահել ամերիկացի թուրքերի խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ, որոնք եկել էին ողջունելու Թուրքիայի ղեկավարին, և նրանք ստիպված են եղել արձագանքել` ինքնապաշտպանության շրջանակում:
Սենատոր Ջոն Մաքքեյնը Սպիտակ տանը կոչ է արել երկրից վտարել Թուրքիայի դեսպանին: Այլ սենատորներ վճռականորեն դատապարտել են Թուրքիայի կողմից բռնությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ: