Արմինֆո.ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) հանդես են եկել հայտարարությամբ մայիսի 15-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից ԼՂՀ ռազմական օբյեկտի հրթիռակոծման առնչությամբ։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից:
«Ըստ տարբեր հավաստի աղբյուրներից հավաքած տեղեկությունների, մայիսի 15-ին Ադրբեջանի զինված ուժերը հրթիռակոծել են շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական տեխնիկան։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով։ Երկու կողմերի գործողությունները հրադադարի ռեժիմի զգալի խախտում են և տագնապի առիթ։ Իրարամերժ տեղեկություններ կան այս հարվածների նշանակետերի, ինչպես նաև մարդկային կորուստների և վնասների մասին։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավաքագրել լրացուցիչ տվյալներ ու վերլուծություններ՝ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են հրադադարի ռեժիմի վերջին խախտումները և կողմերին կոչ են անում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հակամարտության հետագա սրացումից խուսափելու համար», - ասվում է միջնորդների հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել էր «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: Մայիսի 16-ին հայկական կողմը կոշտ պատասխան էր տվել ադրբեջանական կողմի այդ գործողություններին: