Արմինֆո.Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետի պաշտոնակատարը մի շարք հանձնարարականներ է տվել: Կարեն Կարապետյանը, անդրադառնալով, հանրապետությունում բնակչության համար դեղերի հասանելիության բարելավմանը, նշել է. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ հանրապետության նույնիսկ խոշոր բնակավայրերում առկա է շուրջօրյա դեղատների ապահովման խնդիր: Ստեղծված իրավիճակն անթույլատրելի է և առաջացնում է խնդիրներ թե՛ մեր համաքաղաքացիների և թե՛ զբոսաշրջիկների համար»։
Այդ նպատակով վարչապետի պաշտոնակատարը հանձնարարել է. ՀՀ առողջապահության նախարարին 1-ամսյա ժամկետում ուսումնասիրել ՀՀ բնակավայրերում 24 ժամ և առանց հանգստյան օրերի աշխատող դեղատների առկայությունն ապահովելու հնարավորությունները և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ, այդ թվում՝ ըստ բնակավայրերի դրանց օպտիմալ բաշխվածության վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է բանակցել գործող դեղատնային ցանցերի կամ առանձին դեղատների հետ` հերթապահ դեղատների առկայությունը ՀՀ բնակավայրերում ապահովելու նպատակով և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկներ հարցին լուծում տալու նպատակով: «Իրականում բոլոր բնակավայրերին պետք է ուշադրություն դարձնել, բայց խնդիրն առավել ակնհայտ է տուրիստական գոտիներում: Հատուկ ուշադրություն դարձրեք հատկապես զբոսաշրջության կենտրոններին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը: