Արմինֆո.Ռուսաստանը՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդ, դատապարտում է հրադադարի ռեժիմի խախտումները և կողմերին կոչ անում անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել՝ հակամարտության գոտում լարվածության հետագա սրացումը կանխելու համար: Այդ մասին մայիսի 18-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով այս շաբաթ ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացմանը:
«Խոսքը վերաբերում է այն բանին, որ տարբեր աղբյուրներից տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական կողմից գնդակոծվել է շփման գծի հակառակ կողմում գտնվող ռազմական օբյեկտ: Համապատասխանաբար՝ արձագանքել է մյուս կողմը: Օբյեկտի բնույթի, վնասվելու աստիճանի և զոհերի առկայության վերաբերյալ տվյալներն իրարամերժ են: Ես ևս մեկ անգամ արտահայտեցի Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումն այդ առնչությամբ»,- ասել է Զախարովան:
Մեկնաբանելով մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների մակարդակով հանդիպման կազմակերպումը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ այդ մասին կհաղորդվի, հենց հնարավոր շփումների մասին տեղեկություն լինի:
Նշենք, որ մայիսի 15-ին և լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1200 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ) և հաստոցավոր հակատանկային նռնականետ (9 արկ): Իսկ ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա: Ադրբեջանական զինուժի սադրանքի արդյունքում պաշտպանության բանակը մարդկային կորուստ չի ունեցել: ՊԲ առաջապահ զորամասերը ադրբեջանական զինուժի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների: