Արմինֆո. «Ելք» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից կոչ է արել 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի պաշտոնում քվեարկել Էդմոն Մարուքյանի թեկնածության օգտին:
Նրա խոսքով, դա կօգնի հակակշիռներ ապահովել իշխանությունում: Բացի այդ, Փաշինյանի հավաստմամբ, Մարուքյանը պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ է, տիրապետում է մի քանի լեզուների, կարող է արդյունավետ ներկայացնել երկիրը միջազգային ասպարեզում: «Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է այս կամ այն պաշտոնում նշանակելիս ոչ թե նեղկուսակցական շահերով, այլ՝ թեկնածուի պրոֆեսիոնալիզմով ղեկավարվելու անհրաժեշտության մասին: Եթե մենք ԱԺ նախագահի պաշտոնում ընտրենք ընդդիմադիր թեկնածուի, կապացուցենք, որ Ադրբեջանից տարբերվող ժողովրդավարական երկիր ենք»,-հայտարարել է Փաշինյանը:
Նշենք, որ դաշինքից խոսնակի պաշտոնի համար թեկնածու Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարել է, որ ընտրվելու դեպքում խստորեն հետևելու է խորհրդարանում կարգուկանոնին, որպեսզի բոլոր պատգամավորները հավասար լինեն՝ անկախ այն բանից, թե ինչ քաղաքական ուժ են ներկայացնում:
ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից առաջադրվել է Արա Բաբլոյանը: Քվեարկությունը տեղի կունենա փակ ռեժիմով: