Արմինֆո. Եթե առաջիկայում Թուրքիայի ավտորիտար կառավարությունում փոփոխություն չլինի, տեսանելի ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժ ակնկալելու հարկ չկա: Այդպիսի կարծիք է հայտնել Ուտրեխտի համալսարանի դասախոս և Պատերազմի, Հոլոքոստի և ցեղասպանությունների հետազոտման ինստիտուտի գիտաշխատող Ուզուր Ումիթ Ունգորը:
«Ուստի այժմ այդ ավտորիտար ռեժիմի մասին խոսելը կարևոր է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների, այլև քրդերի հետ հարաբերությունների համատեքստում, քանի որ մինչև վերջին երեք տարիները մենք ականատես էինք Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ Թուրքիայի բավականին լավ հարաբերությունների: Սակայն ավտորիտար ռեժիմի գործողությունների պատճառով այդ հարաբերությունները փչացան», - ընդգծել է փորձագետը:
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է հայ-թուրքական հարաբերությունների լիակատար կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանի բացման նկատմամբ այլընտրանքի բացակայությունն ապագայում: Նրա ասելով, այդ հարցում կան դրական և բացասական նորություններ: «Լավն այն է, որ մենք այսօր այստեղ Երևանում հաջողությամբ փոխգործակցում ենք Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիական հասարակությունների մակարդակմով («Հայաստան-Թուրքիա, երկխոսության ուղիների որոնում» միջազգային գիտաժողով – խմբ.): Վատ նորությունն այն է, որ հայ-թուրքկան հարաբերությունների կարգավորման հարցում մենք ողջ հույսը դրել ենք քաղաքական գործիչների վրա: Սակայն մեր մոտեցումը պետք է լինի ոչ միայն ուղղահայաց` վերից վար, երբ քաղաքական գործիչները մեզ թելադրում են` ինչ անել, այլև` վարից վեր: Մենք մեր կառավարություններին պետք է ստիպենք սկսել երկխոսություն, վերականգնել դիվանագիտական հարաբերությունները», - ասել է Ունգորը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, փորձագետը համոզմունք է հայտնել, որ եթե Էրդողանը զգա, որ ինչ որ շահաբաժին կստանա Հայոց ցեղասպանության ճանաչունից, նա կգնա այդ քայլին : Նրա ասելով, ամեն բան կախված է թուրք հասարակության շրջանում այս կամ այն հարցի ընկալումից:
«Եթե հասարակությունում սկսվի ճանաչման գործընթաց, ապա Էրդողանն էլ կսկսի որոշ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Այսինքն, հարկավոր է կրթել հասարակությանը, դպրոցականներին, ուսանողներին` ապագայում այդ հարցում փոփոխության հասնելու համար: Եթե հանկարծ մի օր Էրդողանն արթնանա և որոշի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել կատարվածի համար և ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում, նրան նույն օրը Նոբելյան մրցանակ կշնորհեն, սակայն չեմ կարծում, որ այժմ նա պատրաստ է գնալ այդ քայլին», - եզրափակել է Ունգորը: