Արմինֆո. «Նորընտիր Ազգային ժողովին բաժին է հասել նաև շատ յուրահատուկ մի առաքելություն: Դուք եք ապահովելու պետական կառավարման համակարգի ձևափոխումը: Ձեր ուսերին է ընկնելու խորհրդարանական համակարգին անցնելու պայմաններ ստեղծելու դժվարին, բայց միաժամանակ պատմական դերակատարումը: Եվ հենց դրանից է կախված անցումային այս փուլը հաղթահարելու հաջողությունը: Որքան սահուն և լիարժեք կազմակերպվի այս գործընթացը, այնքան անխափան կաշխատի բարեփոխված պետական մեքենան», - հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վեցերորդ գումարման Ազգային ժողովին հղած իր ուղերձում։
«Պետական իշխանության արդյունավետության բանալին իշխանության թևերի ներդաշնակ փոխգործակցությունը և փոխկապակցվածությունն ապահովելն է: Համենայնդեպս, պետական աշխատանքի երկար տարիների իմ փորձը դա է հուշում:
Պատկերացնում եմ Ազգային ժողովի և պետական մյուս մարմինների համագործակցության շատ ավելի բարձր աստիճան: Իսկ ես՝ որպես պետության գլուխ, որպես Սահմանադրության պահպանման երաշխավոր, ինչպես երեկ, այսօր էլ հայտարարում եմ իմ պատրաստակամությունը՝ Սահմանադրությամբ ինձ վերապահված լիազորությունների շրջանակում օժանդակելու և նպաստելու այդ համագործակցության ու փոխադարձ կապի ամրապնդմանը: Ես դա անելու եմ նաև վաղը՝ առնվազն մինչև իմ՝ որպես Նախագահի պաշտոնավարման ավարտը:
Վստահ եմ, որ համատեղ ուժերով մենք միասին կարողանալու ենք հետևողականորեն ուժեղացնել խորհրդարանի դերը և ազդեցությունը, ընդ որում՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Չէ՞ որ խորհրդարանը նաև քաղաքական երկխոսության, բազմակարծության և տարբեր գաղափարախոսությունների արտահայտման գլխավորհարթակն է:
Այն քաղաքական մշակույթ ձևավորող կարևորագույն ինստիտուտ է, որտեղ պետք է սկիզբ առնի և բյուրեղացվի քաղաքական մրցակցությունը: Սահմանադրական նոր կարգավորումների լույսի ներքո Ազգային ժողովի գործունեությունը պետք է միտված լինի ոչ միայն պետականության ամրապնդմանը, այլև պառլամենտարիզմի զարգացմանը: Հավատացած եմ, որ կայացած պառլամենտարիզմը, իր գաղափարախոսական և վերահսկողական բոլոր դրսևորումներով, մեր նորացված պետականության զարգացման թիվ մեկ գրավականն է լինելու:
Միջազգային հանրությունը բարձր գնահատեց Հայաստանի կամքը և պատրաստակամությունը՝ անցկացնելու ժողովրդավարության և պետականաշինության առաջընթացի մասին վկայող ընտրություններ: Ես ուրախ եմ դրա համար: Կարծում եմ՝ դուք նույնպես: Դուք ստացել եք անհրաժեշտ վստահության քվեն: Ինչպես ասում են՝ լավ սկիզբը գործի կեսն է: Մնում է շարունակել և առաջ տանել սկսած գործը», - համոզմունք է հայտնել պետության ղեկավարը: