Արմինֆո. Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի բացառվում, «Եվրասիական ինտեգրացիան Ռուսաստանի և Հայաստանի համար՝ աշխարհաքաղաքական համատեքստում. մարտահրավերներ և հեռանկարներ» գիտաժողովի շրջանակներում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպյոխինը:
Նրա խոսքով, վերջին տարիներին փոխվում է Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը, իսկ Ադրբեջանն օբյեկտիվ նախադրյալներ ունի ԵԱՏՄ հետ ավելի սերտ համագործակցության համար: Ըստ որում, նա նշել է, որ ԵԱՏՄ-ին Թուրքիայի և Ադրբեջանի անդամակցությունը կարող է տեղի ունենալ միայն Հայաստանի համաձայնությամբ, որը վետոյի իրավուքն ունի միության շրջանակներում: «Երբ ասում եմ, որ ԵԱՏՄ-ին չէր խանգարի իր կազմում ունենալ Ադբեջանին, նկատի ունեմ հեռանկարը: Այժմ իրավիճակը բարենպաստ չէ»,- նշել է Լեպյոխինը: Նշենք, որ գիտաժողովը կազմակերպվել է «Ինտեգրում և զարգացում» վերլուծական հասարակական կազմակերպության, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի, Եվրասիական փորձագիտական ակումբի և Սոցիալական ծրագրերի աջակցության ազգային հիմնադրամի կողմից: