Արմինֆո. Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, 72,3%-ով առաջատար է Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններում: Այդ մասին են վկայում Հայաստանում «Gallup International»-ի ներկայացուցիչ Մարքեթինգի հայկական ասոցիացիայի կողմից Երևանի 1047 բնակչի շրջանում անցկացված հարցման արդյունքները:
Երկրորդ տեղը, հարցման համաձայն, զբաղեցնում է «Ելք» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ 15,5%, ցուցակը եզրափակում է «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ 4,7%: Հարցին դժվարացել է պատասխանել հարցվածների 3.2%-ը, հրաժարվել է պատասխանել 4,3%-ը:
Հարցումը ցույց է տվել նաև, որ մայիսի 14-ին ընտրատեղամասեր միանշանակ պատրաստվում է գնալ քաղաքացիների 67,1%-ը, 15,4%-ը պատասխանել է, որ ավելի շուտ կմասնակցի առաջիկա ընտրություններին, 4,5%-ն ամենայն հավանականությամբ չի մասնակցի, 10,4%-ը չի մասնակցի ընտորւթյուններին, 2,6%-ը ձեռնպահ է մնացել պատասխանից: Հարցման համաձայն՝ 4,1%-ը տեղյակ չէ առաջիկա ընտրությունների մասին, 56,1%-ը հետևում է քարոզարշավին, իսկ 43,9%-ը՝ չի հետևում: Քաղաքի բնակիչներն ամենից հաճախ հանդիպել են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների քարոզարշավին 73,8%, «Ելք» դաշինքի՝ 46,3%, «Երկիր ծիրանիի»՝ 32,5%:
Ընտրողների կեսից ավելին, հարցման համաձայն, ծանոթացել է քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերին՝ 57,2%, չի ծանոթացել 42,8%-ը: Ըստ որում, հարցվածների 80,4%-ը թեկնածուների ծրագրերին ծանոթացել է հեռուստատեսությամբ, 22%-ը՝ բուկլետների օգնությամբ, 17,6%-ը ընտրողների հետ հանդիպումների ընթացքում, 14,3% -ը՝ սոցիալական ցանցերում, 7,6%-ը՝ լրատվական պորտալներում, 2,6%-ը՝ ռադիոյով, 1,3%-ը՝ տպագիր մամուլի օգնությամբ, 0,4%-ը՝ կուսակցության պաշտոնական կայքերում:
Հատկանշական է, որ մինչև նախընտրական արշավի սկսվելը Տարոն Մարգարյանի վարկանիշը կազմել է 61,2%, Նիկոլ Փաշինյանի՝ 11,5%, Զարուհի Փոստանջյանի՝ 3,9%:
«Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է, որ հարցումն անցկացվել ընդհուպ մայիսի 9-ը, և ներկայացված ցուցանիշները դեռ կարող են փոփոխվել:
Հիշեցնենք, որ Երեւանի Ավագանու խորհրդի ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: Քաղաքապետի պաշտոնին հավակնում են գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանն ու Նիկոլ Փաշինյանը: