Արմինֆո. ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը կարծում է, որ 2017 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքն արդիական է մնում: Այդ մասին ասվում է երկրի Կոնգրեսի համար պատրաստված նրա զեկույցում:
Ինչպես նշվում է փաստաթղթում, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը սրվել էր 2016 թվականի ապրիլին: Քոութսի համոզմամբ, այն հանգամանքը, որ Բաքուն ու Երևանը չեն ցանկանում փոխզիջման գնալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և այդ հանրապետություններում աճող ներքին ճնշումը խոսում են այն մասին, որ 2017 թվականին Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման սպառնալիքը պահպանվում է:
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարի կարծիքով, շարունակվող տնտեսական ճգնաժամը մարտահրավեր է Ադրբեջանում գործող ռեժիմի համար, ինչը կհանգեցնի այլախոհության ճնշման ուժեղացման` երկրի իշխանության պահպանման նպատակով: «Միևնույն ժամանակ, Բաքուն փորձում է հաշվեկշռել հարաբերությունները Ռուսաստանի, Իրանի և Արևմուտքի հետ», - նշվում է փաստաթղթում: