Արմինֆո. Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն, ՌԴ ԱԳՆ նախկին փոխղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան, բանակի գեներալ Վյաչեսլավ Տրուբնիկովն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում կիսվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականով, թվարկում ամենառազմականացված տարածաշրջաններից մեկում հնարավոր պատերազմի անխուսափելի հետևանքները, խոսում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում համանախագահող երկրների դերի ու հնարավորությունների մասին, գնահատում խաղաղարար գործընթացին նոր խաղացողների միացման հավանականությունը:
90-ական թթ. վերջին-2000-ականների սկզբին դուք Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ էինք: Արդյո՞ք շատ են փոփոխվել կարգավորման իրողություններն ու պայմաններ բոլոր այս տարիներին: Ձեր կարծիքով, հակամարտության կարգավորման ո՞ր տարբերակն է առավել իրատեսական այսօր:
Ղարաբաղյան հարցի լուծումը թողնում եմ Երևանի, Բաքվի և, անշուշտ, Ստեփանակերտի հայեցողությանը, քանի որ առանց Ստեփանակերտի հակամարտության ամուր, խաղաղ կարգավորում չի լինի: Չճանաչված պետության իրավիճակը նույնպես որոշակի հոգեբանական ներգործություն է ունենում նրանց վրա, ովքեր ապրում են այդ պետությունում: Առաջին հերթին, կարծում եմ, դա պետք է հաշվի առնեն Երևանում, երկրորդ հերթին՝ Բաքվում: Բաքվի համար այդ հարցը, կարծում եմ, լուծված՝ Ղարաբաղը հազիվ թե երբևէ Ադրբեջանի կազմում լինի: Իսկ Հայաստանի համար՝ ոչ, և այս հարցը դեռ պարզաբանման կարիք ունի: Ըստ որում, Նախիջևանի հետ Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքով ցամաքային ուղղակի կապը որոշակի փոխհատուցում է Բաքվին, ինչպես նաև Հայաստանի վերահսկողության տակ գտնվող 7 շրջանների վերադարձն Ադրբեջանին: Նման տարբերակը, միգուցե, ոչ բոլորին գոհացնի, համենայն դեպս, տարածքային լուրջ պահանջների համար հիմք չի լինի:
Այսինքն, այսպե՞ս եք հասկանում փոխզիջումը:
Փոխզիջումը պատկերացնում եմ հենց այսպես՝ միաժամանակ հասկանալով հակամարտության բոլոր երեք կողմերի դիրքորոշումը: Հասկանում եմ հակամարտության փաթեթային լուծման հասնելու Երևանի ձգտումը, քանի որ այդ դեպքում բոլոր կողմերի հնարավորությունները կհավասարեցվեին: Հայաստանը հազիվ թե, առանց ամենահզոր երաշխիքների, բաց թողնի այնպիսի ներգործության լծակը, ինչպես՝ 7 շրջանները: Իսկ նման երաշխիքներ կարող են հայտնվել բացառապես հակամարտության փաթեթային կարգավորման հասնելու արդյունքում: Եվ դա Բաքվում պետք է հասկանան: Ինչպես նաև այն, որ Հայաստանի տարածքով Նախիջևան ցանաքային կապ իձեռքբերելը ոչ պակաս կարևոր՝ ռազմավարական բնույթի ձեռքբերում է Ադրբեջանի համար:
Դուք նկատի ունեք բացառապես Հայաստանի տարածքով միջանցքի ստեղծո՞ւմը:
Միջանցք պետք է ստեղծվի այնպես, որպեսզի չազդի այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների և հարևանության վրա, քանի որ Լաչինի միջանցքը նման հնարավորություններ Հայաստանի համար ակնհայտորեն չի ստեղծում:
Բաքվում, երբեմն Երևանում շատ հաճախ կարծիք է հնչում հակամարտության հակառակ կողմի վրա ճնշում գործադրելու նպատակահարմարության մասին՝ հակամարտությունն իր օգտին կարգավորելու նպատակով: Գրեթե միշտ նման կոչերի հասցեատերը Ռուսաստանն է: Ձեր կարծիքով, արդյո՞ք նման կոչերն իմաստ և հեռանկար ունեն:
Նման կոչերին խիստ բացասաբար եմ վերաբերում: Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ հաղթողներ և պարտվողներ Ղարաբաղում չպետք է լինեն: Եվ հակամարտության ոչ մի կողմ չպետք է և չի կարող ուժեղացնել իրեն՝ երրորդ կողմի ազդեցության հաշվին: Այդ ամենը վատ կավարտվի բոլորի համար՝ ներառյալ երրորդ կողմի: Համամասնակից դառնալ նման որոշման, որը վերջակետ չի դնի Ղարաբաղի շուրջ հակամարտությանը, չի կարելի և ճիշտ չէ: Վերջնական համաձայնագիր հնարավոր չէ այնտեղ, որտեղ չկա փոխզիջում, որտեղ կպահպանվի ռևանշի ազատությունը: Դա կլինի ժամանակավոր համաձայնագիր: Այդ պատճառով Ղարաբաղի հարցը պետք է մեկընդմիշտ լուծել:
Արդյո՞ք նախադրյալներ եք տեսնում Ղարաբաղի նման կարգավորման համար:
Կարծում եմ՝ Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի ներկայիս ղեկավարները բավականաչափ գրագետ և քաղաքականապես հեռատես են՝ խուսափելու միակողմանի օգուտների ձգտելուց, և հասկանում են, որ դա հազիվ թե հնարավոր է: Ըստ որում, տեսականորեն հակամարտության նման կարգավորման հնարավորություն կա, այն պահպանվում է: Կգտնվեն, իհարկե, տաք գլուխներ: Նավթը և գազը, անշուշտ, հնարավորություն են տալիս Ադրբեջանին նյութական, տեխնիկական և տնտեսական առաջընթաց ապահովել: Այս տեսակետից ինչ-որ մեկի մոտ, իհարկ, կարող են գայթակղություններ առաջանալ: ԵԱՀԿ ՄԽ կազմում իմ համանախագահության շրջանում հայտարարություններ էին հնչում՝ «կգա ժամանակը, կուժեղանանք և մեր ուզածի պես կլուծենք հարցը» ոգով: Վստահ եմ, որ դա խնդրի լուծման ճանապարհ չէ: Դա խնդրի վատթարացման, անխուսափելի պայթյունն ապագա սերունդներին թողնելու ճանապարհ է: Մինչդեռ ողջամիտ ղեկավարները պետք է ավելի հեռատես լինեն:
Ինչո՞վ, եթե ոչ Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ինքնաոչնչացմամբ կարող է սպառնալ պատերազմը մեր խիստ ռազմականացված տարածաշրջանում:
Անշուշտ, դա կլինի ոչնչացնելու համար պատերազմ, որում հաղթողներ չեն լինի: Պետք է միմյանց վտարել երկրից, վերացնել ֆիզիկապես, ոչնչացնել ազգը, կրոն, մշակույթը, իսկ դա XXI դարում, բարեբախտաբար, հնարավոր չէ:
Անմիջականորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ներգրավված չլինելով՝ Իրան, անշուշտ, իր շահերն ունի հակամարտության մասնակից երեք երկրներում՝ հատկապես սահմանակից լինելով չճանաչված Արցախի հետ: Արդյո՞ք նախադրյալներ կան Ղարաբաղի շուրջ բանակցություններին Թեհրանի միացման համար և, Ձեր կարծիքով, ինչպե՞ս դա կանդրադառնա դրա հեռանկարների վրա:
Կարծում եմ՝ Մինսկի խմբի ձևաչափն այդ խնդրի կարգավորման համար լիովին բավարար է: Համենայն դեպս, առնվազն հակամարտության ավելի մեծ ինտերնացիոնալացման համար տարածություն չտալ այդ ձևաչափն ի վիճակի է: Միջնորդների քանակը բավարար է, և այդ գործընթացում լրացուցիչ որևէ մեկին ներգրավել պետք չէ: Անհատական համատեքստում թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ը, թե Ֆրանսիան ամենաբարձր մակարդակով լուրջ դերակատարություն ունեն:
Արդյո՞ք Հարավային Կովկասի երկրները և Ռուսաստանը Թուրքիայի և Իրանի տարածքային ամբողջականության պահպանման կենսական անհրաժեշտություն են զգում՝ հաշվի առնելով, որ հենց այս երկու երկրներն այսօր մեր տարածաշրջանը մերձարևելյան անկայունությունից բաժանող բնական պատնեշ հանդիսանում:
Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը խախտել միշտ շատ հեշտ է: Դժվար է կանխագուշակել բացարձակապես անկանխատեսելի հետևանքները: Այս առումով, կարծում եմ, Հարավային Կովկասի երկրները և Ռւուսաստանը շահագրգռված են Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Դա նույնն է, ինչ խոսել Սիրիայի՝ առանձին անկլավների բաժանման մասին՝ քրդական, ալավիթական, սունիական, ինչ-որ տեղ կլինեն քրիստոնյաներ: Նման իրավիճակում խիստ կբարդանա հարևան բոլոր երկրների կյանքը, քանի որ բոլոր այդ անկլավներն արտաքին աջակցություն կփնտրեն: Ներկայումս նման աջակցություն ցուցաբերվում է ինչպես ասադամետ, այնպես էլ՝ հակաասադական խմբերին: Այնուամենայնիվ, Սիրիայում գոյություն ունի նաև օրինական կառավարություն, որի նպատակը երկրի միասնության պահպանումն է: Նման դիրքորոշում ունեն թե Ռուսաստանը, թե Թուրքիան, թե Իրանը: Մենք հանդես ենք գալիս Սիրիայի միասնության օգտին, քանի որ միայն այդ կերպ Սիրիան կարող է կայունության երաշխիք լինել ցանկացած տարածաշրջանում: Նույն կերպ հանդես եմ գալիս Թուրքիայի միասնության օգտին, քանի որ այդ երկրում ներքին գզվռտոցները, որոնք կարող էին վերջինիս փլուզման հանգեցնել, որևէ մեկին, առաջին հերթին՝ հարևաններին ոչ մի լավ բան չեն խոստանում:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ