Արմինֆո.ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի մամուլի քարտուղարն իր շեֆի շուրջ սկանդալի համար մեղադրել է ԱՄՆ միլիարդատեր Ջորջ Սորոսին և նրա կազմակերպությաններին, հաղորդում է El Confidencial-ը:
«Մեղավոր է Սորոսը, նրանք, ովքեր Ագրամունտին մեղադրում են, փող են ստանում ֆինանսական շնաձկից: ESI կազմակերպությունը (որն զբաղվում է ԵԽԽՎ-ում կոռուպցիայի հետաքննությամբ) և Սորոսի մյուս կազմակերպությունները փորձում են վերացնել վեհաժողովը, որը տեղի չի տալիս Սորոսի և Հայաստանի ճնշմանը», - ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը, հակառակ սպասումներին, այդպես էլ չի ներկայացել ԵԽԽՎ Բյուրոյի նիստին, որում պետք է քննարկվեր նրա պաշտոնանկության հարցը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը, Ագրամունտի դե-ֆակտո իմփիչմենտի որոշման մեջ առաջին կետով քաղաքական անվստահություն է հայտվում նրան: Երկրորդ կետով նշվում է, որ Ագրամունտը կորցրել է Վեհաժողովի քաղաքական բոլոր խմբակցոթյունների շրջանում վստահությունը: Երրորդ կետի համաձայն՝ նա զրկվոմ է որևէ կերպ ԵԽԽՎ-ն ներկայացնելու կամ որևէ այց կատարելու, որևէ հանդիպման ներկա գտնվելու կամ ԵԽԽՎ-ի անունից հանդես գալու հնարավորությունից: Վերջին կետում նշվում է. «Մենք՝ ԵԺԿ խմբակցությունը, կայացրել ենք քաղաքական որոշում ստեղծված իրավիճակում մայիսի 14-ին Պրահայում անցկացնել նիստ՝ որոշելու Պեդրո Ագրամունտի ճակատագիրը, ով իրեն դրել է Սադամ Հուսեյնի և Մուհամադ Քադաֆիի տեղը, ինչպես նաև այդ առնչությամբ մեր հետագա քայլերը»:
Ագրամունտի իմփիչմենտի առիթ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ միասին Սիրիա այցը: Ապրիլի 24-ին ԵԽԽՎ-ում բոլոր խոշոր խմբերի ներկայացուցիչներն այցելության համար պահանջել են նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը՝ մեղադրելով նրան «Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Բաշար Ասադին աջակցության» համար: Ագրամունտն «ընդունել էիր սխալը և զղջացել»: Այնուամենյանիվ, դա չի մեղմել եվրոպացի խորհրդարանականների դիրքորոշումը: Ավելի վաղ Ագրամունտը մեղադրվել է ադրբեջանցի պատգամավորների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալի մեջ ներգրավվածության համար: Եվրոպական ԶԼՄ-ներում հայտնված նյութերի համաձայն, Ագրամունտը տարիներ շարունակ կաշառք է վերցրել ադրբեջանական ղեկավարությունից՝ ԵԽԽՎ-ում Բաքվի շահերի լոբբինգի համար: