Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Եվրոպական միության ծրագրերի շրջանակներում հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու դեպքի առթիվ։
«ՀՀ քննչական կոմիտեում ստացվել են Եվրոպական Միության պատվիրակության ֆինանսական, պայմանագրային և աուդիտի բաժնի կողմից իրականացված ստուգման արդյունքները, որոնց համաձայն՝ ԵՄ ծրագրով հայաստանյան կազմակերպություններից մեկին հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և յուրացվել է առանձնապես խոշոր չափերի գումար։ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ: Քրեական գործի նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ այս փուլում հրապարակման ենթակա չեն։ Քննության արդյունքներով կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասվում է ՔԿ մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Նախօրեին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակին (OLAF) հաղորդել էր Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի առնչությամբ հնարավոր խախտումների մասին: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել էին Հայաստանում ԵՄ պատվիրակության մամուլի ծառայությունից, Խարդախության դեմ պայքարի Եվրոպական գրասենյակն անցկացրել է քննություն և այդ մասին հայտնել ՀՀ իշխանություններին, որոնք գրասենյակի առաջարկով իրենց կողմից իրականացնում են գործի քննություն: «Եվրոպական միությունը լիովին հանձնառու է կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարին և կշարունակի աջակցել կասկած հարուցող ցանկացած խախտման առնչությամբ լիարժեք, արդյունավետ և թափանցիկ քննության իրականացմանը: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հիշեցնում է, որ պետք է կիրառվի անմեղության կանխավարկածը», - ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհի գումարներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ և համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գևորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաև Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը և Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Հ.Գյոնջյանի, Գ.Չիլինգարյանի և Գ.Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ համագործակցում է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության հետ», - ասվում է գերատեսչության հաղորդագրությունում: