Արմինֆո.Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջտանի ղեկավարների հանդիպում անցկացնելու հեռանկարը:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ բանակցությունների ընթացքում նախագահների հանդիպումը չի քննակվել», - ԱՊԱ-ին հայտարարել է Մամեդյարովը: Նրա ասելով, հանդիպման որոշում պետք է կայացնեն իրենք` պետությունների ղեկավարները:
Պատասխանելով ընթացած բանակցությունների վերաբերյալ գնահատականին առնչվող հարցին` Մամեդյարովն ասել է, որ այն արտացոլված է հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում: «Եռակողմ հանդիպման արդյունքների մասին մենք` նախարարաներս, կզեկուցենք պետությունների ղեկավարներին», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Մոսկվայում, ռուսական կողմի նախաձեռնությամբ, կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Ընդգծվել է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում 2016թ. մայիսին և հունիսին կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների իրականացման անհրաժեշտությունը: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարին՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանն աջակցելուն ուղղված շարունակական ջանքերի համար: Նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների եռակողմ հանդիպումից հետո նրանց միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դեսպանները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Կայացել է մտքերի փոխանակում՝ ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերաբերյալ: