Արմինֆո. Պատմական հիշղությունն առանձնակի նշանակություն ունի Հայաստանի համար: Այդ մասին հայտարարել է Ղազախստանում Հայաստանի դեսպան Արա Սահակյանը` ապրիլի 28-ին Աստանայում «Միասնությամբ նվաճված մեծ հաղթանակը. ճակատի արիությունը` թիկունքի հանգստությունը» հաղթողների միջազգային համաժողովի հարթակներում հայ լրագրողների հետ զրույցում:
Նրա ասելով, պատմական հիշողության պահպանումը բնական մարդկային ձգտում է: Դիվանագետը նշել է, որ հայ ժողովրդի համար պատմական հիշողությունն առանձնակի նշանակություն ունի, քանի որ ավելի քան 100 տարի առաջ տեղի է ունեցել մեծ ոզղբերգություն: «Եվ մենք չենք կարծում, թե ժամանակը կարող է դա ջնջել հիշողությունից կամ մոռացության մատնել: Դա վերաբերում է նաև այն բարձր գնին, որը հայ ժողովուրդը վճարել է, նրա բացառիկ մասնակցությանն այդ պատերազմին ու ավանդին: Անուններն ու թվերը հայտնի են բոլորին, սակայն ինձ համար այսօր շատ ուրախալի է տեսնել, որ նոր սերունդը հանդես է գալիս Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների մասին հիշողությունը պահպանելու և այն ապագա սերունդների փոխանցելու նախաձեռնություններով», - ասել է դիվանագետը:
Հայաստանի դեսպանը նաև պատմել է, որ 2015 թվականին, ՀՄՊ 70-ամյակի նախաշեմին իրենք տեղեկացել են, որ Ղազախստանում է թաղված Խորհրդային Միության հերոս Իշխան Պարիբեկյանը, ով ծնունդով Իջևանից է, իսկ պատերազմից հետո որոշել էր բնակություն հաստատել Ղազախստանում: Դիվանագետը պատմել է, որ հաջողվել է զրուցել նրանց հետ, ովքեր ճանաչել են Պարիբեկյանին: «Նա իրենից հետո բարի համբավ է թողել: Նրան վերաբերվել են մեծ հարգանքով, նույնիսկ մերձավոր հարևանները չեն իմացել նրա հերոսական անցյալի մասին: Միայն նրա մահվանից հետո է հայտնի դարձել նրա ծառայությունների մասին: Տեղի իշխանությունները արժանի շիրմաքար են տեղադրել, որի վրա նաև գրված է, որ նա Խորհդրային Միության հերոս է: Անցյալ տարի մենք այցելել ենք նրա շիրիմը, որը բավարար վիճակում է, սակայն մենք արդեն նախաձեռնել ենք մեր հայրենակցի շիրիմի ազնվացման միջոցառումներ: Մեզ նաև հաջողվել է նրա մասին տեղեկատվություն զետեղել Ղազախստանի հերոսների հուշամատյանում: Մենք հպարտանում ենք ոչ միայն նրա հերոսական զինվորական անցյալով, այլև այն բարի հիշատակով, որ նա թողել է այնտեղ, որտեղ ապրել է իր աշխատանքի շնորհիվ: Նրա մասին հիշատակը կարևոր ավանդ է մեր ընդհանուր պատմական հիշողությունում», - եզրափակել է Հայաստանի դեսպանը:
Համաժողովը կազմակերպել են «Հյուսիս-Հարավ» քաղաքագիտական կենտրոնը և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամը` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: