Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել փաստաբան Տիգրան Աթանեսյանի հաղորդման հիման վրա ոստիկանությունում հարուցված քրեական գործը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Ոստիկանությունում 2017թ. ապրիլի 27-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրը փաստաբան Տ.Աթանեսյանի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ծեծի են ենթարկվել Տիգրան Աթանեսյանը և նրա ընկեր Արմեն Սողոմոնյանը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ: Քննիչը վարույթ է ընդունել քրեական գործը, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, Տ.Աթանեսյանը և Ա.Սողոմոնյանը ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը հայտարարել է, որ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վրա հարձակման պատճառը Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանի անհանդուրժողականությունն է իր հասցեին ցանկացած քննադատության նկատմամբ: Նա չի կարողացել նշել հարձակման հստակ պատճառը, սակայն, նրա կարծիքով, առիթ կարող էր հանդիսանել Facebook-ում քննադատական գրառումը: «Բայց հիմնական շարժառիթն այն է, որ Փաստաբանների պակատի ղեկավար Արա Զոհրաբյանն ընդհանրապես իր հասցեին քննադատություն չի հանդուրժում: Նա դիկտատուրա է հաստատել պալատում, չի հանդուրժում որևէ այլակարծություն, իսկ եթե ինչ-որ մեկը համարձակվում է հակառակվել կամ քննադատել իրեն, հրապարակորեն մատնացույց անել այն փաստը, որ Պալատում սկսել են աշխատել հիմնականում նրա հարազատները և ընկերները, հատուկ նրանց համար թափուր տեղեր են բացվել, արժանանում են նման բախտի: Եվ եթե ավելի վաղ Զոհրաբյանը սահմանափակվում էր միայն «անցանկալի» փաստաբանների հասցեին պատվերով հոդվածներով, հետո անցավ նրանց նկատմամբ վարչական տուգանքների կիրառմանը, այժմ ինքնադատաստանի մեթոդներ է գործի դրել: Եթե այդ ամենը չկանխվի, իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ընդգծել է Վարոսյանը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ դատապարտում է օրենքի ցանկացած խախտում: «Մենք արդեն կարգապահական վարույթ ենք հարուցել բոլոր մեղավորների նկատմամբ: Նրանց մեղքը կորոշի 12 մարդուց բաղկացած Փաստաբանների խորհուրդը, նրանք էլ կընտրեն պատժաչափը՝ նկատողությունից մինչև լիցենզիայից զրկում»,- նշել է Զոհրաբյանը՝ հաշտեցման կոչ անելով կողմերին: Նա նաև հավաստիացրել է, որ միջադեպի մասին իմացել է սոցցանցերից՝ չնայած այն բանին, ար Աթանեսյանը հակառակն է պնդել: