Արմինֆո.Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատասխանել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ով «գռեհիկ» է որակել իր տեղակալ Արտյոմ Կոժինի հասցեին ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումները:
«Անհրաժեշտ է ճիշտ հասկանալ և ըմբռնումով մոտենալ լրագրողներին, ովքերը դիմում են Լեռնային Ղարաբաղում ձերբակալված Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի Դիլհամ Ասկերովի վիճակի վերաբերյալ հարցերով»- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հայտնում է ԱՊԱ-ն: Նրա խոսքով, անհրաժեշտ է ի գիտություն ընդունել, որ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ճակատագիրը /Արցախում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ/ գտնվում է ադրբեջանցի ժողովրդի ուշադրության կենտրոնում: «Իսկ լրատվամիջոցները հասարակական կարծիքի հայելին են»,- նշել է նա՝ հավաստիացնելով, որ Գուլիևը և Ասկերովը պետական սահմանը հատել են Քարվաճառի շրջանում իրենց հարազատների գերեզմաններին այցելելու համար:
Նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան վրդովմունք էր հայտնել՝ Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի /Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացի/ վերաբերյալ իր տեղակալ Արտյոմ Կոժինի մեկնաբանության առնչությամբ ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների հետ կապված: «Ես ընթերցել եմ ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածները: Դրանք ուղղակի գռեհիկ նյութեր են: Նման հոդվածներից հետո նույնիսկ շփվելու ցանկություն չկա»,- հայտարարել է Զախարովան՝ դիմելով «ԱՊԱ» լրատվական գործակալության թղթակցին, ով փորձել է հարց տալ Արցախում դատապարտված Դիլհամ Ասկերովի վերաբերյալ: «Անհասկանալի է, թե ինչու են լրագրողներն ուզում վնասել երկկողմ հարաբերություններին: Պետք է նրանց հարցնել՝ արդյո՞ք նման հոդվածներն օգուտ են բերում Ադրբեջանին»,- ասելէ Զախարովան:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության բաժնի տնօրեն Արտյոմ Կոժինը, ադրբեջանական ԶԼՄ-ների խնդրանքով անդրադառնալով Լեռնային ղարաբաղում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովի արտահանձնմանը, նշել էր. «Դիլհամ Ասկերովի հետ կապված պատմության մեջ կան «սպիտակ գծեր»:ՌԴ ԱԳՆ-ը կոչ է անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ ռազմական հակամարտությունների վայրեր, տվյալ դեպքում՝ ղարաբաղյան հակամարտության, այցելելուց: Ասկերովը այդ խորհուրդն անտեսել է»: Հիշյալ հայտարարությունն ադրեջանական ԶԼՄ-ներում մի շարք բացասական հրապարակումների պատճառ է դարձել, որոնք հաճախ դուրս են եկել լրագրողական էթիկայի շրջանակներից: Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևը և Դիլհամ Ասկերովը, ինչպես նաև խմբի սպանված երրորդ մասնակից Հասան Հասանովը 2014 թվականի հունիսի 29-ին ապօրանաբար հատել էին ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն էին հավաքել և իրականացրել լրտեսական գործունեություն: Հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել էին անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել էր հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել էր Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում էր պատճառել: 2014 թ. դեկտեմեբրի 29-ին Արցախի դատարանի որոշմամբ Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարի ազատազրկման: