Արմինֆո. Սահմանադրական դատարանն ապրիլի 28-ին մերժել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի հայցը:
Այդպիսով՝ ՍԴ-ն ուժի մեջ է թողել ընտրությունները կայացած ճանաչելու վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, հրապարակելով վճիռը, հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունները եղել են լավ կազմակերպված, արտացոլել են ընտրողների կամքը, դրանց ընթացքում ընդհանուր առմամբ ապահովվել է խոսքի ազատության սկզբունքը: ՍԴ նախագահի հավաստմամբ, անցած ընտրությունների ընթացքում բացառվել են նույն անձի կողմից բազմակի քվեարկության դեպքերը, ապահովվել է թափանցիկությունը, իսկ նոր տեխնոլոգիաների ներդրումնը թույլ է տվել նվազագույնի հասցնել ավելի վաղ առկա բացթողումները: Ըստ որում, նա նաև ուշադրությունը կենտրոնացրել է այն բացասական երևույթների վրա, որոնք մատնանշել են միջազգային դիտորդները: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ խախտումների վերաբերյալ հայցվորների ներկայացրած «փաստերը» անհամոզիչ են և հիմնականում վերցված են ԶԼՄ-ների հրապարակումներից:
Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայց է ներկայացրել ՍԴ՝ կապված, հայցվոր կողմի հավաստմամբ, ընտրական օրենսդրության զանգվածային խախտումների, մասնավորապես՝ ընտրողների կաշառման և վարչական ռեսուրսի համատարած կիրառման հետ: