Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ` այդպիսով դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 46-րդ նահանգը:
«Մենք աջակցություն ենք հայտնում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման և մարդկութայն դեմ այդ ոճրագործության միջազգային դատապարտման հիման վրա Հայաստանի և հարևան երկրների միջև կառուցողական և ամուր հարաբերությունների հաստատմանը նպատակաուղղված ջանքերին», - ասվում է բանաձևում: Նաև նշվում է, որ ապրիլի 26-ը Կոլորադոյում հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր ԱՄՆ Վայոմինգ նահանգը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Ուրուգվայը (1965 թվականին` աշխարհում առաջինը), Արգենտինան, Բելգիան, Բոլիվիան, Վատիկանը, Վենեսուելան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Կանադան, Կիպրոսը, Լիբանանը, Լիտվան, Նիդերլանդները, Լեհաստանը, Սլովակիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Չիլին, Շվեյցարիան, Շվեդիան: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ԱՄՆ Կոնգրեսի միջազգային կոմիտեն, Եվրախորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ խտրականության կանխարգելման և փոքրամասնությունների պաշտպանության ենթահանձնաժողովը, ՄԱԿ պատերազմական հանցագործությունների հանձնաժողովը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, ինչպես նաև Նոր Հարավային Ուելսը (Ավստրալիա), Սան Պաուլուն, Սեարա և Պարանան (Բրազիլիա), Ուելսը, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան (Մեծ Բրիտանիա), Բասկերի Երկիրը, Կատալոնիան, Բալեարյան Կղզիները (Իսպանիա), Քվեբեկը (Կանադա), Կիևը, Ուժգորոդը, Իզյումը, Գոլոսեևյան շրջանը (Ուկրաինա), Ղրիմը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությունը` Անկարային կոչ անելով հետևել իր օրինակին և փոխհատուցել այդ ոճրագործության հետևանքները: Շվեյցարիան, Սլովակիան, Հունաստանն ու Կիպրոսն ընդունել են նաև Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ, իսկ Ֆրանսիան պատրաստվում է ընդունել համանման փաստաթուղթ:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ