Արմինֆո. Փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի և Արմեն Սողոմոնյանի վրա հարձակման պատճառը Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանի անհանդուրժողականությունն է իր հասցեին ցանկացած քննադատության նկատմամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ մեկնաբանելով իր գործընկերների վրա հարձակման հետ կապված միջադեպը:
Նա չի կարողացել նշել հարձակման հստակ պատճառը, սակայն, նրա կարծիքով, առիթ կարող էր հանդիսանել Facebook-ում քննադատական գրառումը: «Բայց հիմնական շարժառիթն այն է, որ Փաստաբանների պակատի ղեկավար Արա Զոհրաբյանն ընդհանրապես իր հասցեին քննադատություն չի հանդուրժում: Նա դիկտատուրա է հաստատել պալատում, չի հանդուրժում որևէ այլակարծություն, իսկ եթե ինչ-որ մեկը համարձակվում է հակառակվել կամ քննադատել իրեն, հրապարակորեն մատնացույց անել այն փաստը, որ Պալատում սկսել են աշխատել հիմնականում նրա հարազատները և ընկերները, հատուկ նրանց համար թափուր տեղեր են բացվել, արժանանում են նման բախտի: Եվ եթե ավելի վաղ Զոհրաբյանը սահմանափակվում էր միայն «անցանկալի» փաստաբանների հասցեին պատվերով հոդվածներով, հետո անցավ նրանց նկատմամբ վարչական տուգանքների կիրառմանը, այժմ ինքնադատաստանի մեթոդներ է գործի դրել: Եթե այդ ամենը չկանխվի, իրավիճակն էլ ավելի կվատթարանա»,- ընդգծել է Վարոսյանը:
Ներկայումս Փաստաբանների պալատում տեղի է ունենում փակ խորհրդակցություն՝ միջադեպի հանգամանքները պարզելու նպատաով, իսկ Զոհրաբյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը նրա անունից դատապարտել է ցանկացած բռնություն՝ հավաստիացնելով, որ մեղավորները կպատժվեն:
Նշենք, որ ավելի վաղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը Facebook-ի իր էջում գրել էր. «Քիչ առաջ հարձակման ենթարկվեցի իմ գրասենյակում Արմեն Սողոմոնյանի հետ միասին արալեզների կողմից: Սպասում եմ ոստիկանությանը: Հարձակվողներն են Սիմոն Բաբայանը, Վրեժ խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը և ոմն Արսեն»: