Արմինֆո.Ադրբեջանական խնձորները հայաստանյան շուկայում վաճառվում են՝ հունականի և հոլանդականի անվան տակ: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Փորձագետի խոսքով, ադրբեջանական խնձորներից պոկել են արտահանող երկրի գրությամբ պիտակները և վաճառել հունականի ու հոլանդականի անվան տակ, ինչն օրենսդրության ոււղակի խախտում, ինչպես նաև սպառողի նկատմամբ խաբեություն է:
Ինչպես նշել է Պիպոյանը, պարզվել է նաև, որ խնձորները շուկա են ներթափանցել՝ շրջանցելով մաքսային հսկողությունը: Բացի այդ, նշել է նա, հիշյալ խնձորները Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից ստուգման չեն ենթարկվել, հետևաբար՝ պարզ չէ, թե արդյոք դրանք անվտանգ են սպառման համար:
«Այժմ պետությունը մտադիր է ստուգել դրանց անվտանգությունը, սակայն ստուգել անհրաժեշտ է նախքան այն կհայտնվի շուկայում և կգնվի սպառողների կողմից»,- ասել է Պիպոյանը՝ ընդգծելով, որ ադրբեջանական ապրանքը պետք է ոչնչացվի, քանի որ չկան դրա անվտանգության երաշխիքներ:
«Հաճախ վաճառվում են նաև թուրքական մթերքներ, օրինակ՝ ատամի մածուկ, բայց տվյալ դեպքում, նույնիսկ եթե այն չի համապատասխանում բոլոր ստանդարտներին, ատամի մածուկից վնասը շատ ավելի քիչ է, քան վնասը, որը կարող է հասցնել սննդամթերքը»,- նշել է Պիպոյանը:
Նշենք, որ հիշյալ ապրանքի վաճառքի մասին ահազանգ է ստացվել ապրիլի 23-ին, իսկ նույն ամսվա 25-ին այն ոչնչացվել է, քանի որ չի ունեցել անվտանգության երաշխիքներ: Խնձոր ներմուծել կարող է ինչպես մասնավոր անձը, այնպես էլ՝ տնտեսվարող սուբյեկտը, քանի որ, ՀՀ օրենքների համաձայն, մինչև 50 կգ թարմ մրգի կամ բանջարեղենի ներմուծումն ապրանքային խմբաքանակ չէ: ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը փնտրում է այդ մթերքի ներմուծողին: Խնձորները հայտնվել են ինչպես խոշոր խանութներում և սուպերմարկետներում, այնպես էլ՝ ոչ մեծ պահանջարկ ունեցող շուկաներում: Այնուամենայնիվ, առևտրի որոշ կետերում ադրբեջանական խնձորները շարունակում են վաճառվել: