Արմինֆո.21-րդ դարում հակամարտությունների՝ ռազմական ճանապարհով լուծումն անընդունելի է: Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ելույթ ունենալով Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովի ժամանակ:
«21-րդ դարը հակամարտությունների կարգավորման նոր միտումներ և եղանակներ է թելադրում մեզ: Ուժի կիրառման միջոցով կարգավորումն անընդունելի է, ամենից առաջ իր աղետալի հետևանքների՝ զոհերի և ավերածությունների պատճառով»,- ընդգծել է նա:
Այս տեսակետից, նախարարը գտնում է, որ միջազգային հանրությանը չափազանց կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի վրա՝ որպես այս կամ այն հակամարտության՝ ռազմական փուլ անցմանը հակազդող հիմնարար սկզբունքներ:
Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է, որ տարածաշրջանների հստակ սահմանների լղոզման և միանգամայն այլ տարածաշրջանային ձևաչափերում այս կամ այն երկրի ներգրավվածության պայմաններում հակամարտությունների ռազմական փուլերն առանձանկի վտանգավորություն են ներկայացնում:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջազգային անվտանգության մոսկովյան 6-րդ համաժողովին։ Համաժողովի աշխատանքների շրջանակում Վիգեն Սարգսյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի իր գործընկերների հետ։ Մասնավորապես՝ ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև արցախյան հակամարտությանը։ Հայաստանի և Իրանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ևս մեկ անգամ ընդգծել են, որ խնդիրը ռազմական լուծում չունի։ Կայացել է նաև Վիգեն Սարգսյանի հանդիպումը Սերբիայի պաշտպանության նախարար Զորան Ջորջևիչի հետ։ Ընդգծելով հայ և սերբ ժողովուրդների ընդհանրությունները, կողմերը համոզմունք են հայտնել, որ դա հրաշալի նախադրյալ է հայ-սերբական հարաբերությունների խորացման համար։ Մասնավորապես, նշվել է, որ համագործակցության մեծ ներուժ կա ռազմատեխնիկական, գիտահետազոտական, ռազմաբժշկական, ռազմակրթական և այլ ուղղություններով։ Որպես արդյունավետ փոխգործակցության օրինակ նշվել է միասնական գործունեությունը խաղաղապահ առաքելություններում։