Արմինֆո. Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը «Թրենդի» հետ հարցազրույցում` ապրիլի 28-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման նախաշեմին, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերին:
«Հուսով ենք, որ Մոսկվայի հանդիպումը կդառնա Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակի կառուցողական բանակցությունների շարունակությունը: Ժամանակն է խոսքից անցնելու գործողությունների: Ադրբեջանը պատրաստ է սուբստանտիվ բանակցությունների, ինչի մասին բազմիցս նշել ենք», - նշել է նա:
Նա նաև հայտարարել է, որ պետերբուրգյան հանդիպման ժամանակ նախագահների մակարդակով հիմնարար քննարկումներ են կայացել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: «Ըստ էության, այդ բանակցությունները նախատեսում էին օկուպացիայի վրա հիմնված ստատուս-քվոյի փոփոխություն», - ընդգծել է նախարարը:
Մամեդյարովը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ քննարկված քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հակամարտության կարգավորման գործում առաջընթացի հասնելու համար, և ծրագիրը, որը պետք է իրագործվեր, բոլորին հայտնի են: «Հայաստանի զինված ուժերի առկայությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում և ռազմական օկուպացիայի փաստը հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտներն են: Օկուպացումը պետք է դադարեցվի: Մենք կարող ենք շարունակել բանակցությունները կայուն խաղաղություն ապահովելու համար` միանգամայն նոր մթնոլորտում, օկուպացման փաստի վերացումից հետո ստատուս-քվոյի փոփոխման պայմաններում: Հայաստանը, խուսափելով հանդիպումից, փորձում է չկատարել իր պարտավորությունները և պահպանել ստատուս-քվոն: Միևնույն ժամանակ, Հայաստանը միտումնավոր շարունակում է իրավիճակի սրման քաղաքականությունը` խուսափելով հիմնական հարցերից և ուշադրությունը սևեռելով տեխնիկական հարցեին», - հայտարարել է նա:
Հավելենք, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 28-ին Մոսկվայում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի, Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի եռակողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը կքննարկեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ 2016 թվականի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հանդիպման արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատեցին մայիսի ս.թ. 16-ին Վիեննայում կայացած հայ-ադրբեջանական գագաթնաժողովի պայմանավորվածությունները` ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը և հաշտության գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտի ստեղծմանը: Այդ նպատակով նրանք համաձայնեցին, մասնավորապես, մեծացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թիվը՚: Մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հետաքննության մեխանիզմները տվյալ փուլում ակտուալ չեն, և հարցը կարող է քննարկվել ՙԼՂՀ-ից հայկական զորքերի դուրսբերումից հետո միայն՚: Բացի այդ, նա ընդգծել է, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գարսենյակը կարող է ընդլայնվել մինչև 12-13 մարդ և ոչ ավելի: