Արմինֆո.Հայոց ցեղասպանության պատմական փաստի ճանաչումը դարձավ վերջին ժամանակներում Հայաստանի և Չեխիայի միջև կարևորագույն իրադարձություններից մեկը, ասել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը, նախաձեռնություն ներկայացնելով երկրի խորհրդարան, դրանով իսկ կատարեց 2016 թվականի հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում իր տված խոստումը:
Դեսպանի ասելով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախագահի առաջարկությունն անցյալ տարի ներառվել էր խորհրդարանի օրակարգում և, հաջողությամբ հաղթահարելով բոլոր նրանց դիմադրությունը, ովքեր այս կամ այն կերպ առնչվում են թուրք քաղաքական գործիչների հետ, իր արտացոլումն է գտել միաձայն ընդունված բանաձևում` 104 «կողմ» և ոչ մի «դեմ»: Դեսպանը հիշեցրել է, որ մինչև երեկ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը դեռ 2015 թվականին հավանության էր արժանացել միայն խորհրդարանի արտաքին քաղաքականության կոմիտեում, իսկ երեկ ստացավ բարձր պետական կարգավիճակ: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ բանաձևի ընդունման օգտին հանդես են եկել ոչ միայն կառավարող քաղաքական կոալիցիա կազմող կուսակցությունները (ANO շարժումը, սոցիալ-դեմոկրատները և քրիստոնյա-դեմոկրատները), այլև ընդդիմադիր ուժերը (TOP 09-ը և Քաղաքացիական դեմոկրատական կուսակցությունը): Դեսպանը խորին գոհունակություն է հայտնել այն առնչությամբ, որ «Չեխիան վերջապես հասավ հայ ժողովրդի այդ պատմական ողբերգության փաստի պետական ճանաչման»: Նա ընդգծել է, որ խորհրդարանում բանաձևի ընդունման կողմնակիցները վերջապես ընտրեցին ճիշտ պահ` ապրիլի 24-ի սգո օրվա հենց հաջորդ օրը, որպեսզի այդ բանաձևն ընդունվի առանց գեթ մեկ «դեմ» ձայնի: «Մեր խորհրդարանում շատ հազվադեպ է պատահում, երբ կարևոր պետական փաստաթղերն ընդունվում են միաձայն», - նշել է դիվանագետը: Նա հիշեցրել է, որ դա Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը խորհրդարանում անցկացնելու առաջին փորձը չէ, սակայն չէր հաջողվել դա անել:
Նշենք, որ Չեխիայի TOP 09 («Ավանդույթ, պատասխանատվություն և բարգավաճում 09») կուսակցության ղեկավար, նախկին արտգործնախարար և արտաքին քաղաքականության խորհրդարանական կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգը, ով բազմիցս եղել է Հայաստանում և մշտապես հանդես է եկել այդ բանաձևի ընդունման օգտին, չեխական ԶԼՄ-ներին մեկնաբանելով այդ իրադարձությունը, հեգնանքով նշել է, որ կցանկանար տեսնել այն «աղմուկը, որ բարձրացնելու է Էրդողանը»: Անկախ դիտորդների կարծիքով, Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի այդպես միաձայն ընդունումը կարող է պայմանավորված լինել ոչ միայն այդ պատմական փաստն ընդունելու կարևորության ըմբռնմամբ` պատմական ճշմարտության հաղթանակի տեսանկյունից, այլև` չեխ ու եվրոպացի քաղաքական գործիչների բնական արձագանքով Թուրքիայի նախագահ Էրդողանի վարքագծին, ով գաղափարազրկում է ժողովրդավարության սկզբունքներն իր երկրում և արմատավորում ավտորիտար իշխանություն: