Արմինֆո.Ապրիլի 25-ին Ազգային պատկերասրահում տեղի է ունեցել «Լվովի հայկական տաճարի վերածնունդը» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի համակարգող Քնարիկ Ավետիսյանն իր ելույթում համառոտ ներկայացրել է 1363 թ. կառուցված հայկական տաճարի բազմադարյա պատմությունը: Լեհաստանի կառավարության աջակցությամբ 2008-2015 թթ. իրականացվել են տաճարի վերականգնման աշխատանքներ՝ ներգրավելով հայտնի արվեստաբանների: Այժմ տաճարը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում և շարունակում է կատարել իր հոգևոր գործառույթները:
Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը խոսքը փոխանցել է Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Դեսպանն ընդգծել է, որ իր կողքին պետք է կանգնած լինեն Լիտվայի դեսպանը և Եվրամիության ներկայացուցիչը, չէ որ դա ընդհանուր պատմություն է:
Պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին, թե պատրաստ է արդյոք Լեհաստանը շարունակել արվեստի հետ կապված նման նախագծերը՝ դեսպանը նշել է, որ ցուցահանդեսը երկարատև և բեղմնավոր համագործակցության սկիզբն է միայն:
«Երեկ մենք հիշեցինք հայ ժողովրդի պատմության վատթարագույն օրերից մեկը, այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրա գոյատևման կարողությանը և ապրելու ձգտմանը: Հայ համայնքը կարևոր տեղ է զբաղեցնում Լեհաստանի պատմության մեջ, չէ որ հայ արքեպիսկոպոս Իոսիֆ Թեոդորովիչը կանգնած է եղել 1918 թ. Լեհաստանի անկախության ակունքներում»: