Արմինֆո. Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա շարունակում է իր նախորդների քաղաքական գիծը: Այդ մասին այսօր Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Թրամփը խոսեց ամեն ինչի մասին, ինչ տեղի է ունեցել Ցեղասպանության ընթացքում՝ չարտասանելով այդ բառը: Միակ նորությունը նրա ելույթում «պատմական տարածք» բառակապակցությունն էր»,- հայտարարել է Մանոյանը՝ ավելացնելով, որ չի կարող ենթադրել, թե այդ հարցի առնչությամբ ինչ կարելի է սպասել ներկայիս նախագահից, քանի որ նա անկանխատեսելի քաղաքական գործիչ է:
Ըստ որում, դաշնակցականը հայտարարել է, որ Թրամփը ցույց տվեց, որ ինքը հանձնառու չէ որևէ բան անել և մտադիր չէ այդ հարցում ճնշում գործադրել Թուրքիայի վրա: «Սակայն, վերջին ժամանակներս նկատելի է, որ Ցեղասպանության փաստը հարցականի տակ չի դրվում, խոսվում է միայն թուրքական կառավարության կողմից այն ճանաչելու անհրաժեշտության մասին»,- ընդգծել է Մանոյանը: Նա նաև նշել է, որ սահմանադրական հանրաքվեից հետո Թուրքիայում ստեղծված քաղաքական իրավիճակը գերակայությունների ցուցակի հետին պլան է մղել հայ-թուրքական հաշտեցման հարցը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին՝ Մանոյանը նշել է, որ այն ժխտման քաղաքականության ևս մեկ դրսևորում էր: «Էրդողանի ուղերձում խոսվում է նաև Կոնստանդնուպոլսի թեմի պատրիարքի ընտրություններում նախկին տեղապահ Արամ Աթեշյանին աջակցության մասին, ինչը վկայում է թուրքական իշխանությունների հետ վերջինիս սերտ կապի մասին»,- ասել է դաշնակցականը:
Նշենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հայերին հղված ամենամյա ուղերձով, որում «ցեղասպանություն» տերմինը չի արտաբերել և, ինչպես իր նախորդը, 1915 թվականի իրադարձությունները որակել է «Մեծ եղեռն»: Թուրքիայի ԱԳՆ արձագանքել է Թրամփի հայտարարությանը՝ հայտարարելով, որ «1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի գրավոր հայտարարությունում ներառված ապատեղեկատվությունը և կեղծ որակումները տարիներ շարունակ ԱՄՆ-ում հայկական շրջանակների քարոզչության եղանակների օգնությամբ տեղեկատվության «աղտոտման» հետևանք են»:
Թուրքիայի նախագահն իր հերթին 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունները վերստին պայմանավորել է Առաջին համաշխարհային պատերազմով: «20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն Առաջին համաշխարհային պատերազմի տխուր հետևանքներն էին», - հայտարարել է նա` խոստանալով «շարունակել հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերը»: «Հայ ժողովուրդը բազմաթիվ արժանի զավակներ է տվել Թուրքիային», - նշել է Թուրքիայի առաջնորդը: