Արմինֆո.«Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունը կշարունակի Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված պայքարը: Այդ մասին ապրիլի 25-ին Երևանում հայտարարել է Գերմանիայում գործող «Միություն ընդդեմ ցեղասպանության» (Verein der Volkermordgegner) կազմակերպության ակտիվիստ Էլիֆ Սելայ Էրթեմը, ով Թուրքիայի քաղաքացի է:
«Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, գալիս ենք Հայաստան և հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Մենք մեր պարտքն ենք համարում դա, միգուցե փոքր-ինչ ուշացած, բայց ինքներս մեզ խոսք ենք տվել ամեն տարի գալ այստեց և այցելել Մեծ եղեռնի հուշահամալիր ու կիսել հայ ժողովրդի ցավը»,-ասել է Էրթեմը: Ըստ որում, նա ավելացրել է, որ միաժամանակ իրենք կշարունակեն Թուրքիայից պահանջել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը երկրում հայտարարել այդ իրադարձությունների անմեղ զոհերի հիշատակի օր:
Կազմակերպության ակտիվիստը նշել է նաև, որ իրենց կազմակերպությունն ամեն տարի Ֆրանկֆուրտում բողոքի ակցիա է անցկացնում Թուրքիայի դեսպանատան մոտ, քանի որ այդ փաստն առաջին հերթին պետք է ճանաչեն թուրքերը, իրենց մեջ ուժ գտնեն առերեսվելու սեփական պատմությանը: «Մեր կազմակերպությունը գործում է 1998 թվականից: Ներկայումս վերջինիս շարքերում 40 ակտիվ անդամ կա, և այն շարունակում է համալրվել: Ցավոք, մինչ օրս մենք լուրջ արդյունքների չենք հասել, սակայն պետք է հասկանալ, որ 102 տարի շարունակ 4 սերունդ դաստիարակվել է կեղծիքի մթնոլորտում: Համոզված եմ, որ մեր ջանքերը կտան սպասված արդյունք: Երբ նոր էինք սկսել պայքարը, լուրջ քննադատության ենթարկվեցինք: Այսօր մարդիկ այլ կերպ են ընկալում պատմական արդարության համար մեր պայքարը»,- ասել է Էրթեմը:
Կազմակերպության մեկ այլ ակտիվիստ Մահմութ Ուզունը /ալևի/, ով Երևան է ժամանել Մեծ Բրիտանիայից, նշել է, որ արդեն երրորդ անգամ է ժամանում Հայաստան: «Ես ստիպված էի Թուրքիայից փախչել Լոնդոն, որտեղ երկար ժամանակ քաղաքական հալածանքների ենթարկվեցի: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը»,- ասել է Ուզունը:
Նշենք, որ «Միություն ընդդեմ ցեղասպանության» կազմակերպությունն ամեն տարի՝ ապրիլի 24-ին, այցելում է Երևան և հարգանքի տուրք մատուցում ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Ավելին, նրանք ամեն տարի նվիրատվություններ են հավաքում և փոխանցում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին: Կազմակերպության մեջ մտնում են տարբեր ազգությունների ներկայացուցիչներ՝ քրդեր, թուրքեր, ալևիներ և այլոք: