Արմինֆո.Հնդկաստանի փոխնախագահ Համիդ Անսարին և նրա գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Ծիծեռնակաբերդի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր:
Հնդկաստանի բարձրաստիճան հյուրերին ուղեկցել են արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի առաջին փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիկազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
Հնդկաստանի փոխնախագահը ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Սգո մատյանում Անսարին գրել է. «Այս հուշարձանը վառ վկայությունն է այն բանի, որ հայերը տուժել են դաժան բռնությունից: Միայն հիմնվելով հանդուրժողականության արժեքի վրա` մենք կարող ենք ակնկալել խաղաղ և ներդաշնակ ապագայի կառուցում»: Համիդ Անսարին և Էդվարդ Նալբանդյանը լուսանկարվել են Արարատի ֆոնին: Հնդկաստանի փոխնախագահը նաև եղևնի է տնկել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ծառուղում:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի փոխնախագահ Մոհամադ Համիդ Անսարին ապրիլի 24-ին երկօրյա այցով ժամանել է Հայաստան: Նախատեսվում են նրա բանակցությունները երկրի բարձրագույն ղեկավարության հետ` հարցերի լայն շրջանակի շուրջ: Անսարին նաև հանդիպում կանցկացնի ԵՊՀ ուսանողների և դասախոսների հետ: Ապրիլի 26-ին Հնդկաստանի փոխնախագահը Հայաստանից կմեկնի Լեհաստան:
ՀՀ և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1992 թվականի օգոստոսի 31-ին: