Արմինֆո.Սպիտակ տունը մեկնաբանել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը:
Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, Թրամփի ուղերձը համապատասխանել է նախորդ վարչակազմերի հայտարարություններին: «Նախորդ վարչակազմերը կիրառել են նույն բառապաշարը: Եթե դուք ուսումնասիրեք նախագահներ Օբամայի և Բուշի, ինչպես նաև նրանց նախորդների հայտարարությունների բառապաշարը, կտեսնեք, որ նախագահ Թրամփը հետևողական է եղել այդ հարցում», - ասել է Սփայսերը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Թրամփը «ցեղասպանություն» տերմինը չի կիրառել` խոսելով 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածի մասին:
Ինչպես հաղորվել է, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հայերին հղված ամենամյա ուղերձով, որում «ցեղասպանություն» տերմինը չի արտաբերել և, ինչպես իր նախորդը, 1915 թվականի իրադարձությունները որակել է «Մեծ եղեռն»:
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը: Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ», - ասվում է Թրամփի հայտարարությունում: