Արմինֆո.Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) կոչ է անում մանրակրկիտ հետաքննություն անցկացնել ԱՄՆ կառավարության նկատմամբ Թուրքիայի գաղտնի ազդեցությունը բացահայտելու նպատակով:
Ինչպես նշվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ԱՀՀ հաղորդագրությունում, նախագահ Թրամփի հայտարարությունը ցույց է տալիս անհրաժեշտությունը, որպեսզի ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն և Կոնգրեսի հետախուզական կոմիտեն ԱՄՆ կառավարության նկատմամբ Թուրքիայի գաղտնի ազդեցության բոլոր ապացույցների մանրակրկիտ հետաքննություն անցկացնեն: ԱՀՀ համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Քրիքորյանը հիշեցրել են, որ այսօր քրիստոնյաներն առաջվա նման ենթակա են անմիջական վտանգի և մշտական հարձակումների: Այս իրավիճակում, նրանց համոզմամբ, նախագահի հայտարարությունն ի զորու չէ պաշտպանել մարդու իրավունքները և անհամատեղելի է ամերիկյան արժեքների հետ` «իրենից ներկայացնելով յուրովի կապիտուլյացիա թուրքական ավտորիտարիզմի առջև»:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը նույնպես հայտարարություն է տարածել նախագահ Դոնալդ Թրամփի հայերին հղած ամենամյա ուղերձում Հայոց ցեղասպանույթան ճանաչումից հրաժարվելու առնչությամբ: «Նախագահ Թրամփը, փաստորեն, ԱՄՆ ցեղասպանության կանխարգելման քաղաքականությունը հանձնել է Ռեջեփ Էրդողանին` մեծամիտ և ավտորիտար բռնապետին», - ասվում է Համփարյանի հայտարարությունում:
Ինչպես հաղորվել է, ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ հայերին հղված ամենամյա ուղերձով, որում «ցեղասպանություն» տերմինը չի արտաբերել և, ինչպես իր նախորդը, 1915 թվականի իրադարձությունները որակել է «Մեծ եղեռն»:
«Այսօր մենք հիշում և ոգեկոչում ենք 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի՝ Մեծ Եղեռնի տառապանքների բովով անցածներին: 1915թ. սկսած՝ Օսմանյան կայսրության վերջին տարիների ընթացքում, մեկ ու կես միլիոն հայեր զոհ են գնացել տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին: Ես միանում եմ Ամերիկայի հայկական համայնքին և աշխարհասփյուռ հայությանը՝ սգալու կորսված մարդկային անմեղ կյանքերի ու կրած բազում տառապանքների վիշտը: Մտորելով մարդկային պատմության այս մռայլ դրվագի շուրջ՝ մենք նաև արժանին ենք մատուցում հայ ժողովրդի աննկուն ոգուն: Շատերը նոր կյանք կերտեցին Միացյալ Նահանգներում և իրենց անջնջելի ներդրումն ունեցան մեր երկրում՝ իրենց սրտում վառ պահելով հիշողությունները պատմական հայրենիքի մասին, որտեղ նրանց նախնիները կերտել էին հնագույն հզոր քաղաքակրթություններից մեկը: Մենք պետք է հիշենք վայրագությունները, որպեսզի թույլ չտանք դրանց կրկնությունը: Մենք ողջունում ենք ցավալի անցյալի փաստերն ընդունելու ու դրանց հետ հաշվի նստելու ջանքերը, որ ձեռնարկվում են հայերի ու թուրքերի կողմից՝ որպես առավել արդարացի ու հանդուրժողական ապագայի համար հիմքեր նախապատրաստելու հույժ կարևոր քայլ», - ասվում է Թրամփի հայտարարությունում: