Արմինֆո. Հայ ժողովրդի համար յուրաքարչյուր օր ապրիլի 24 է, այսինքն`պահանջի օր է: Այս մասին ապրիլի 24-ին հայտարարել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Նրա կարծիքով, այսօր Եվրոպան ավելի դրական է տրամադրված հայկական հարցին, քանի որ ծանոթ է պրոբլեմին: Ավելին, նա հույս է հայտնել, որ Եվրոպան իր ուշադրությունն ավելի վճռականորեն կշեշտադրի Թուրքիայի հետ հարաբերությունների կառուցման հարցում: Նա գտնում է նաև, որ Մերձավոր Արևելքի հայության համար լուրջ սպառնալիք է թուրքական ազդեցության մեծացումն իսլամական և արաբական երկրներում: Այս համատեքստում նա անհրաժեշտ է համարում աշխատանքներ իրականացնել թուրքական վերնախավի հետ, որը համակրում է հայերին, ինչպես նաև եվրոպական երկրներին տեղեկացնել Անկարայի պանթուրքիստական մտադրումների մասին:
Նա անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ին ուղղված հայցին`Հայոց ցեղասպանության տարիներին Հայ առաքելական եկեղեցուց առգրավված գույքը վերադարձնելու նպատակով, նկատելով, որ թուրքական կառավարությունն արգելքներ է ստեղծում հայկական կողմի փաստաբանների գործունեությանը: Արամ Ա-ն հայտարարել է, որ իրավական գործընթացը կշարունակվի, անկախ ամեն ինչից:
Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 6-ին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, պահանջելով վերադարձնել Հայ առաքելական եկեղեցու գույքը, որն առգրավվել էր Հայոց ցեղասպանության տարիներին, իսկ ներկայումս գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում: Կիլիկիո կաթողիկոսի ընդունարանը գտնվել էր Սիս քաղաքում, ներկայիս Թուրքիայում: Բայց 1921 թվականին, ցեղասպանությունից հետո, Օսմանյան կայսրության կառավարությունը կաթողիկոս Սահակ երկրորդին տվել էր երկու օր ժամանակ, որպեսզի ազատի տարածքը: Կաթողիկոսարանն սկզբում տեղափոխվում է Երուսաղեմ, հետո Հալեպ, Դամասկոս և Կիպրոս: Իսկ 1930 թվականից Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հաստատվում է Անթիլիասում (Լիբանան):