Արմինֆո.Երևանում կայացել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստում» ֆիլմի պրեմիերան, որը նկարահանել է հոլիվուդյան կինոռեժիսոր Թերրի Ջորջը («Ռուանդա հյուրանոցը» (Hotel Rwanda) օսկարակիր ֆիլմի ռեժիսոր)՝ հայտնի բարեգործ Քըրք Քրքորյանի միջոցներով:
ԱՄՆ-ում ֆիլմը ցուցադրվել է մի քանի օր առաջ և մինչ օրս գտնվում է ամերիկյան ԶԼՄ-ների գլխավոր նորությունների ռեյթինգում: «Los Angeles Times»-ն այսպիսի մեջբերում է արել դերասան Ջորջ Քլունիի կարճ տեսագրությունից. «Աշխարհի բոլոր անկյուններում ամեն ոք պետք է խոստանան պայքարել ցեղասպանության դեմ»:
Ֆիլմի մասին տեսագրություն է հրապարակել նաև ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը: Նրա տեսագրությունից ֆեյսբուքյան Never stay silent էջում այսպիսի մեջբերում է ներկայացվել. «Բոլորը պետք է օգնություն ցուցաբերեն փախստականներին և երեխաներին, լինեն հետևողական մարդու իրավունքների պաշտպանության հարցում: Ես խոստանում եմ երբեք չմոռանալ»- ասել է երգչուհին: Նշենք, որ Never stay silent էջում ֆիլմին իր աջակցությունն է հայտնել նաև դերասանուհի և մոդել Հայդի Քլումը:
«Իրական պատմություն, որը պետք է իմանալ մինչև «Խոստում» ֆիլմի դիտումը» վերնագրով մեծ հոդված է լույս տեսել նաև «Times» օրաթերթի էջերում: Հոդվածի հեղինակը պատմում է Օսմանյան Թուրքիայում հայերի ոչնչացման մասին, ներկայացնում թվեր և հատվածներ գիտական և տեղեկատվական տարբեր աղբյուրներից: Ինչպես նաև նշվում է, որ Օբաման չի պահել իր նախըտրական խոստումը և 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն չի որակել:
Ֆիլմին նվիրված հոդվածը, ինչպես նաև ֆիլմի պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի հետ հարցազրույցն է հրատարակել «Hollywood Reporter»-ը: Հոդվածում հիշատակվում են այն աստղերի անունները, ովքեր աջակցություն են հայտնել ֆիլմին՝ Բարբրա Սթրեյզանդ, Քիմ Քարդաշյան, Սիլվեստր Ստալլոնե, Ադրե Աղասի:
Իսկ «New York Times»-ն, օրինակ, զուգահեռներ է անցկացրել «Խոստում» և «Օսմանյան կայսրության լեյտենանտ» ֆիլմերի միջև: Համաձայն օրաթերթի, Էրդողանի ռեժիմն ամենայն հավանականությամբ փորձել է ուղղումներ մտցնել պատմության մեջ «Օսմանյան կայսրության լեյտենանտ» ֆիլմի օգնությամբ: «Daily Mail»-ն անդրադարձել է զայրույթի ալիքին, որը բարձրացել է Թուրքիայում ֆիլմի ցուցադրումից հետո: Հոդվածն ավարտվում է հետևյալ բառերով. «Ապացուցված է, որ թուրքերը ոչնչացրել են 1,5 միլիոն հայերի»:Նմանատիպ հոդված լույս է տեսել նաև «Washington Post»- ում:
Ֆիլմին նվիրված հոդվածներ են լույս տեսել նաև «Huffington Post» և «Vogue» ամսագրերում: Իսկ CBS–ը իր առավոտյան եթեր է հրավիրել Քրիստիան Բեյլին և Օսկար Այսեքին` ֆիլմի գլխավոր դերակատարներին: «Bloomberg»-ի տաղավարում ֆիլմի մասին են պատմել ռեժիսոր Թերրի Ջորջն ու Անժելա Սարաֆյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ