Արմինֆո.Ողջ աշխարհի հայերը նշում են Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության 102-րդ տարելիցը:
Չնայած այն հանգամանքին, որ Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության սկիզբը պաշտոնապես համարվում է 1915 թվականի ապրիլի 24-ը, հայերի կոտորածները Թուրքիայում սկսվել էին դեռ 19-րդ դարավերջին: Իսկ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի ղեկավարության անմիջական ցուցումով գլխատվեց հայ մտավորականությունը. Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և աքսորվեցին 600 հայ մտավորականներ, որոնց թվում` Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրապը, Ռուբեն Զարդարյանը, Սիամանթոն, Ռուբեն Սևակը և շատ ուրիշներ: Պատմական և արխիվային փաստաթղթերի համաձայն, այն տարիներին հայերը բնաջնջվել են Թուրքիայի 66 քաղաքներում և 2500 գյուղերում, սպանվել էշուրջ 1,5 միլիոն մարդ: Կողոպտվել և ավերվել է 2350 եկեղեցի ու վանք, ոչնչացվել է 1500 ուսումնական հաստատություն: 1919-1920թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսում հրապարակվել է հայերին պատճառված վնասի չափը. 14 մլրդ 598 մլն 510 հազար ֆրանկ` արևմտյան հայերինը, 4 մլրդ 532 մլն 472 հազար ֆրանկ` արևելյան հայերինը: Ահա արդեն մի քանի տասնամյակ ողջ աշխարհի հայերը ձգտում են հասնել մարդկության դեմ այդ ոճրագործության միջազգային ճանաչման և դատապարտման, ինչպես նաև հայ ժողովրդին պատճառված վնասի հատուցման:
Այդ պայքարում հայ ժողովուրդն զգալի արդյունքի է հասել. աշխարհի շուրջ 30 երկրներ, մի քանի ծանրակշիռ միջազգային կազմակերպություններ, ԱՄՆ 45 նահանգներ ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Երեկվանից ողջ աշխարհում անցկացվում են Ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Երեկ երեկոյան Երևանում կայացել է ջահերով երթ, որի մասնակիցներն Ազատության հրապարակից շարժվել են դեպի Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Հայոց ցեղսպանության զոհերի հիշատակին երթեր ու միջոցառումներ են անցկացվել Ուրուգվայում, Արգենտինայում, Վրաստանում, Մոսկվայում: Փարիզի Աստվածամոր տաճարում և Երուսաղեմում ոգեկոչման պատարագներ կանցկացվեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Իսկ ապրիլի 24-ի առավոտից Երևանում հազարավոր մարդիկ գնում են Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու նահատակների հիշատակին :