Արմինֆո.Տավուշի մարզում Գոշ լճի բոլոր աշխատանքները դադարեցվել են: Ապրիլի 22-ին այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` «Դիլիջան» ազգային պարկի մեջ ներառված լճի շուրջ իրավիճակին նվիրված լսումների ժամանակ:
Նախարարի ասելով, «Ռենդոր» ընկերության` «Դիլիջան» ազգային պարկի բարեկարգման ծրագիրը մանրակրկիտ կուսումնասիրվի և կվերանայվի, առավել ևս, որ այն էկոլոգիական փորձաքննություն չի անցել: Բոլոր ապօրինի շինությունները կապամոնտաժվեն և դուրս կբերվեն ազգային պարկի տարածքից: Ընդ որում, դա կիրականացվի ինչպես ազգային պարկի, այնպես էլ կառուցապատող ընկերության ջանքերով: Բնապահպանական օրենսդրության խախտման համար պատասխանատու անձինք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Այժմ, նախարարի հավաստմամբ, անցկացվում է պատճառված վնասի գնահատում:
Արծվիկ Մինասյանը նաև անհրաժեշտ է համարել լայնածավալ բարեփոխումները բնապահպանության ոլորտում: Նրա ասելով, 5-6 մարդը չի կարող վերահսկել 500-600 հա տարածքը: Նրա համոզմամբ, անհրաժեշտ են տեխնիկական միջոցներ, ինչպես նաև տեսչական մարմնի լիզորությունների ընդլայնում: Այժմ այդ մարմինը, ընդամենն, արձանագրում է խախտումները` հիմքեր չունենալով դրանք կանխելու համար: Ստեղծվող նոր տեսչական մարմնում պետք է ներառվեն տեխնիկապես լավ զինված մասնագետներ` լայն լիազորություններով: «Չի կարելի եկամուտ ստանալ ցանկացած գնով», - նշել է Մինասյանը:
Նշենք, որ ավելի վաղ ծանր տեխնիկա էր մտցվել «Դիլիջան» ազգային պարկի տարածք, իսկ դեպի լիճ տանող ճանապահը լայնացվել էր: Ազգային պարկի տնօրինության և բնապահպան ակտիվիստների շնորհիվ «Ռենդոր» ընկերության գործողությունները կասեցվել են: Ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն, կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, այն մաքրել աղբից և չոր ճյուղերից` չխախտելով լճի էկոհամակարգն ու տեղային կարգավիճակը:
Ավելի վաղ նախարարը լրագրողներին հնավաստիացրել էր, որ լճի վրա որևէ օբյեկտի շինարարության մասին խոսք անգամ չի կարող լինել, առավել ևս, բացառվում է զվարճալի հաստատության կառուցումը, որը կարող է վնասել շրջակա միջավայրը: