Արմինֆո.Այսօր Երևանում մեկնարկում է մայրաքաղաքի ավագանու խորհրդի ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որին մասնակցում են երեք քաղաքական ուժեր` «Ելք» դաշինքը` պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը` Զարուհի Փոստանջյանի հետ, և ՀՀԿ` քաղքապետ Տարոն Մարգարյանի հետ:
Ինչպես լրագրողներին հաղորդել է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ն մայրաքաղաքային ընտրությունների կգնա «Հանուն Երևանի» նշանաբանով: Նրա ասելով, ՀՀԿ քարոզարշավը կմեկնարկի Երևանի Էրեբունի համանքում: «Քարոզարշավը կանցկացվի բոլոր օրերին, ժամը 18:00-ից հետո` բացի ապրիլի 24-ից: Մենք ընտրել ենք նախընտրական քարոզարշավի ավանդական ճանապարհը` հանդիպումներ երևանցիների հետ: Մեր թեկնածուն ամեն օր 6 հանդիպում կանցկացնի Երևանի տարբեր բակերում», - պարզաբանել է Շարմազանովը:
Նրա ասելով, հանդիպումների ընթացքում կներկայացվի քաղաքի զարգացման ՀՀԿ ծրագիրը, ինչպես նաև այս տարիներին կատարված աշխատանքը: Նա նաև հաղորդել է, որ այսօրվանից Երևանի ողջ տարածքում կբացվի ՀՀԿ 460 ենթաշտաբ: «Մենք մտադիր չենք քաղաքականացնել նախընտրական քարոզարշավը, մենք քաղաքակիրթ պայքարի կողմնակից ենք և հարգանքով ենք վերաբերվում մեր մրցակիցներին», - եզրափակել է նա:
Հավելենք, որ «Ելք» դաշինքն իր նախընտրական քարոզարշավը կսկսի ժամը 18:00-ին` մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանից դեպի Հյուսիսային պողոտա երթով, որտեղ 19:00-ին կկայնա հանրահավաք-համերգ:
Իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քարոզարշավն սկսում է ժամը 17:00-ին` Ազատության հրապարակից հեծանվաերթով: