Արմինֆո. Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ազգ-բանակ հայեցակարգի շրջնակում հասարակայնության քննարկմանն է ներկայացրել երկու նախագիծ` «Պատիվ ունեմ» և «Ես եմ»:
Նրա ասելով, առաջին նախագիծը նախատեսում է ուսանողների համար բանակում ծառայության տարկետում` ուսումը բակալավրիատում շարունակելու համար: Նախարարը նշել է, որ ուսուցումն ավարտելուց հետո քաղաքացին բակալավրի աստիճան ստանալուն զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում և երեք տարի ժամկետով անցնում ծառայություն զինված ուժերում: «Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական մասնագիտությունը հաշվի առնելով, բայց բոլոր դեպքերում` առաջնագծում: Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում քաղաքացին նաև ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս` իր ուսումնառության տարիների ուսման վարձի չափով», - նշել է Սարգսյանը: Նա նաև հավելել է, որ ծառայությունն ավարտելուց հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաև նրա մագիստրոսական կրթությունը, իսկ ծառայության շրջանում կվճարվի աշխատավարձ:
«Մենք նաև նախատեսում ենք հատուկ պայմաններով սպայական ծառայություն առաջարկել աշխարհի 10 առաջատար բուհերից մեկն ավարտած, ինչպես նաև միջազգային օլիմպիադաներում հաղթող ուսանողներին: Նրանց պարագայում կառաջարկվեն ոչ թե եռամյա, այլ հնգամյա պայմանագրեր: Դա հնարավորություն կտա ձևավորել լուրջ սպայական պահեստազոր», - ընդգծել է նա:
Երկրորդ նախագիծը կոչվում է «Ես եմ» և նախատեսում է եռամյա ծառայություն զինված ուժերում: Ծրագրի համաձայն, այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն ծառայությունն իրականացնել մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու նոր տեսակի` ժամկետային պայմանագրային ծառայության: «Ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձևով: Մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում, պատրաստվելով մարտական հերթապահության, և երկու շաբաթ` առաջնագծում, մարտական հերթապահություն անցկացնելիս: Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով` նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը` զորամասում և մարտական դիրքերում: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում` մատչելի բնակարան (սուբսիդավորված հիփոթեքային ծրագիր), մինի-ֆերմա (գյուղաբնակ զինծառայողների համար փոքր ջերմոց կամ ֆերմա ստեղծելու կամ փոքր գյուղտեխնիկա ձեռք բերելու ծրագիր), ուսման վարձի փոխհատուցում: Երեք նպատակային ծրագրերն էլ միտված են նաև ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալուն», - նշել է նախարարը:
Նրա ասելով, ծրագիրը կլինի այլընտրանքային, և քաղաքացին, չընդգրկվելով դրանում, կարող է ընտրել ներկայումս գործող զորակոչի տարբերակը` անցնելով 2 տարի ժամկետային զինծառայություն: «Այդուհանդերձ, ծրագրի հաջող ընթացքի պարագայում առաջարկվող ծառայության ձևը կարող է դառնալ գերակշռողն առաջնագծում», - եզրափակել է նա: