Արմինֆո.Չնայած այն բանին, որ ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդները հայտնել են Թուրքիայում ինչպես Սահմանադրական հանրաքվեի օրը, այնպես էլ քարոզարշավի ընթացքում բազմաթիվ խախտումների մասին՝ քվեարկության արդյունքների վերանայում գործնականում հնարավոր չէ, մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Նրա խոսքով, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ցանկալի արդյունքի հաջողվել է հասնել բազմաթիվ կեղծիքների ճանապարհով: Ըստ փորձագետի, խոսքը, մասնավորապես, վերաբերում է առանց կնիքի բազմաթիվ քվեաթերթիկների առկայությանը, ինչպես նաև «ոչ» դաշինքից դիտորդների աշխատանքին խոչընդոտելուն /սահմանադրական բարեփոխումների հակառակորդներ-խմբ./:
Չաքրյանի խոսքով, ոչ պակաս կարևոր է այն, որ հանրաքվեն անցկացվել է արտակարգ դրության պայմաններում: Ավելին, ընդգծել է նա, քրդական տարածաշրջաններում, որտեղ Էրդողանը կարող էր նվազագույն աջակցություն ստանալ, իրականացվել են ռեպրեսիվ միջոցառումներ, ինչի պատճառով շատերն ստիպված էին լքել տները և չմասնակցել հանրաքվեին: Քաղաքագետը նշել է նաև, որ քարոզարշավի համար հավասար պայմաններ չեն ապահովվել:
Չաքրյանն ուշադրությունը կենտրոնացրել է այն փաստի վրա, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հապճեպ շնորհավորել է Էրդողանին հանրաքվեի արդյունքների կապակցությամբ: Նրա խոսքով, այդ քայլն, ամենայն հավանականությամբ, ուղղված էր տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության մեծացմանը՝ ի հակակշիռ Ռուսաստանի ազդեցությանը:
Ապրիլի 16-ին Թուրքիայում անցկացված հանրաքվեի նախնական արդյունքների համաձայն, սահմանադրական փոփոխությունների օգտին քվեարկել է քաղաքացիների 51%-ից ավելին: Երկրի ամենազարգացած քաղաքների` Ստամբուլի, Անկարայի, Իզմիրի, Միջերկրական ծովի առափնյա վիլայեթների բնակչությունը դեմ է արտահայտվել սահմանդրական փոփոխություններին, որոնք ենթադրում են նաև երկրի անցում կառավարման նախագահական ձևի: Էրդողանն իր ավանդական ընտրազանգվածի շնորհիվ հաղթել է երկրի մնացած վիլայեթներում: Ընդունված փոփոխությունների համաձայն, Թուրքիայի նախագահը մինչև 2029 թիվը կարող է մնալ իշխանության ղեկին: